Մատչելիության հղումներ

Սարկոզին` սկանդալի կիզակետում


Մուամար Քադաֆին Տրիպոլիում ընդունում է Նիկոլա Սարկոզիին, 25-ը հուլիսի, 2007թ.
Մուամար Քադաֆին Տրիպոլիում ընդունում է Նիկոլա Սարկոզիին, 25-ը հուլիսի, 2007թ.
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 6 օր առաջ Ֆրանսիայի նախագահը հայտնվել է աղմկալի սկանդալի կիզակետում: Փարիզյան Mediapart լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն` իբր 2007-ին Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆին 50 միլիոն եվրո էր տրամադրել Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբին:

Ինքը Ֆրանսիայի նախագահը կտրականապես հերքեց այդ տեղեկությունները` խոստանալով առաջիկա օրերին դատի տալ Medipart-ին։

Ծագած սկանդալը, մինչդեռ, է՛լ ավելի դժվարացրեց գործող նախագահի կացությունը, որի վարկանիշը ընտրություններից հաշվված օրեր առաջ մոտ 8 տոկոսով զիջում է մրցակցին:

Վերջին սոցհարցումների համաձայն` եթե Սարկոզիի օգտին մայիսի 6-ին պատրաստ է քվեարկել ընտրողների 46, ապա Օլանդի օգտին` մոտ 54 տոկոսը:

Նման պայմաններում Սարկոզին փորձում է իր կողմը գրավել ազգայնական Մարին Լե Պենի ընտրողներին, որոնց թիվը մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով անցնում է 6 միլիոնը:

Կիրակի օրը Թուլուզում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլա Սարկոզին հայտարարեց. - «Ի՞նչ ենք անելու, եթե վաղը հանկարծ պարզվի, որ որեւէ մեկը հպարտ չէ իր ֆրանսիական ծագմամբ: Ի՞նչ ենք անելու, եթե մի օր Ֆրանսիայի գաղափարը պարզեցվի այն աստիճան, որ հավասարվի այլ արժեքների: Խոստանում եմ, որ առաջիկա 5 տարիներին թույլ չեմ տա, որ գլոբալիզացիան որեւէ կերպ վնասի Ֆրանսիային»։

Ֆրանսուա Օլանդը նույն օրը Փարզիում կոչ էր անում չնույնացնել ծայրահեղականներին այս կամ այն ազգային կամ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

«Թե՛ Ֆրանսիան եւ թե՛ ողջ Եվրոպան պետք է պայքարի ծայրահեղականության դեմ։ Հարկավոր է պայքարել նաեւ այդ ծայրահեղականությունը ծնող պատճառների ու ուժերի դեմ», - հայտարարում էր Օլանդը:

Մայիսի 2-ին էլ կկայանա Սարկոզիի եւ Օլանդի հեռուստաբանավեճը, որից էլ մեծապես կախված են կիրակնօրյա քվեարկության արդյունքները: Ըստ ֆրանսիական պարբերակաների` ուղիղ եթերում ծավալվող այդ բանավեճին կհետեւի մոտ 20 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG