Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իրանի նախագահի հետ


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Իրանական կողմը կրկին ընդգծում է Հայաստանի հետ ազատ առեւտրի գոտի սահմանելու եւ տնտեսական կապերը ամրապնդելու հանձնառությունը։ Այդ մասին, ըստ իրանական Fars լրատվական գործակալության, ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կիրակի ուշ երեկոյան Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։

«Պայմաններ ստեղծելով Հայաստանի եւ Իրանի սահմանին ազատ առեւտրի համար` մենք էականորեն կակտիվացնենք առեւտրաշրջանառությունը եւ կամրապնդենք տնտեսական համագործակցությունը», - հայտարարել է Իրանի նախագահը։

Ազատ առեւտրի գոտի սահմանելու մասին հուշագիրը երկու երկրները ստորագրել են դեռեւս 2009 թվականին, մինչ օրս, սակայն, վերջնական համաձայնության չեն եկել այն կյանքի կոչելու վերաբերյալ։

Իր հերթին, ըստ իրանական աղբյուրների, Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված եւ ներդաշնակ քաղաքականությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նամակ փոխանցել նրա իրանցի գործընկերոջը։ Նամակի բովանդակության մասին իրանական աղբյուրները մանրամասներ չեն փոխանցում։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, իր հերթին, հաղորդում է, որ հանդիպման ժամանակ Ահմադինեժադը եւ Նալբանդյանը քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան - Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի եւ նավթամթերքների պահեստարանի, Իրան - Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարեւորությունը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում հանդիպումներ է ունեցել իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիի, երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ։

Սալեհիի հետ հանդիպումից հետո Նալբանդյանը աջակցություն է հայտնել Իրանի միջուկային խաղաղ ծրագրին եւ հույս հայտնել, որ դրա շուրջ Արեւմուտքի եւ պաշտոնական Թեհրանի միջեւ ճգնաժամը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով։

«Մենք այժմ դրական ազդակներ ենք տեսնում այս ուղղությամբ եւ հույս ունենք, որ դրանք ի վերջո կհանգեցնեն առկա տարաձայնությունների կարգավորմանը», - ըստ իրանական գործակալությունների` հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Կողմերը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, մասնավորապես, թե իր երկիրը պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

«Հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը բխում է ցանկացած երկրի ազգային շահերից», - ասել է Սալեհին ու ընդգծել, որ պաշտոնական Թեհրանի համոզմամբ` տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ընդարձակումը ճանապարհ կհարթի ժողովուրդների առավել մեծ առաջընթացի, զարգացման ու բարգավաճման համար։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` երեկոյան Նալբանդյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG