Մատչելիության հղումներ

Պուտինը ողջույնի խոսք է հղել ԲՀԿ-ի կազմակերպած համաժողովի մասնակիցներին


Շաբաթ օրը Ծաղկաձորում մեկնարկել է «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձեւավորման գործում» միջազգային համաժողովը, որը նախաձեռնել է հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը:

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով միության պատվավոր նախագահն է: Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել նաեւ Ռուսաստանի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, Պուտինը, մասնավորապես, իր ուղերձում նշել է, որ Եվրասիական միությունը տնտեսական համագործակցության ամենալայն հարթակն է, որին ապագայում կարող են միանալ համագործակցող եւ հարեւան պետություններ: Պուտինը նաեւ նշել է, որ Եվրասիական միության գաղափարը իր մեջ ունի հսկայական ներուժ, որը կարող է համախմբել տնտեսական համագործակցության հիմքով միլիոնավոր մարդկանց` դառնալով բարեկեցության եւ բարգավաճման լավագույն հարթակներից մեկը:

Հարցին, թե ԲՀԿ-ում կողմ են Եվրասիական միությանը շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, Գալստյանը պատասխանեց. - «Մեզ մոտ այդ ուղղությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում, եւ ես կարծում եմ, որ, այո, Եվրասիական միությունը կարող է լինել լավագույն հարթակը մեր ժողովուրդների, մեր պետությունների ավելի ամրապնդման եւ նրանց տնտեսական հզորացման հարցում»:

Հայաստանը, հիշեցնենք, Եվրասիական միությունում դիտորդի կարգավիճակ ունի:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Պուտինի ուղերձը կարելի է համարել անուղղակի աջակցություն ԲՀԿ-ին, Գալստյանը արձագանքեց. - «Ես դա թողնում եմ ձեր հայեցողությանը, ինպես կուզեք, այնպես էլ հասկացեք»:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG