Մատչելիության հղումներ

Ռիչարդ Մորնինգսթարը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու


Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթար
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթար
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը։

Ժամանակին Մորնինգսթարն աշխատել է նաեւ որպես Միացյալ Նահանգների դեսպան Եվրամիությունում։ Նա փոխարինելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ, փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով Օբամայի հրամանագրով մեկ տարի է աշխատել է որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան։

Օբաման Բրայզային դեսպանի պաշտոնում էր առաջադրել 2010-ի մայիսին։ Պաշտոնական Բաքուն հավանություն էր տվել Բրայզայի առաջադրմանը, Ադրբեջանի քաղաքական շրջանակները ողջունել էին Օբամայի որոշումը, սակայն հայամետ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Բարբարա Բոքսերը արգելափակեցին նշանակումը։ 2010-ի դեկտեմբերին, երբ Սենատն արձակուրդում էր, նախագահ Բարաք Օբաման` օգտվելով իր իրավունքից, շրջանցեց Սենատը եւ իր հրամանագրով հաստատեց Բրայզային որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան։ Բրայզան 2011-ի փետրվարից սկսեց իր աշխատանքը Բաքվում, սակայն Սենատը լիագումար նիստում այդպես էլ հավանություն չտվեց նշանակմանը, եւ այս տարվա հունվարին Բրայզայի լիազորությունների մեկամյա ժամկետը սպառվեց։

Վերլուծաբաններն այժմ չեն բացառում, որ Ռիչարդ Մորնինգսթարի նշանակման հարցում էլ հայամետ սենատորները կարող են առարկություններ ներկայացնել, պնդելով, որ Կասպյան տարածաշրջանում էներգետիկ ծրագրեր համակարգող Մորնինգսթարի համար դժվար կլինի բացարձակ անկողմնակալ լինել հայ-ադրբեջանական հիմնախնդիրների համատեքստում։

Ռիչարդ Մորնինգսթարը ծնվել է 1945 թվականին, ուսանել է Հարվարդի եւ Սթենֆորդի համալսարաններում։ 1996 թվականին դեսպանի կոչում է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG