Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն ԱՄՆ-ի Կոնգրեսում


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Ավելի քան երկու տասնյակ կոնգրեսականներ` սենատորներ ու Ներկայացուցիչների տան օրենսդիրներ, ապրիլի 25-ի երեկոյան մասնակցել են Միացյալ Նահանգների Կոնգրեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը: Այս մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Կապիտոլ Հիլում` Քենեդիի անվան պատմական սրահում անցկացված միջոցառմանը Օբամայի վարչակազմը խստորեն քննադատվել է Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար, միաժամանակ տպավորիչ կոչեր են հնչել, որ Կոնգրեսը պատշաճ ձեւով հիշատակի ու դատապարտի այդ հանցագործությունը:

Արարողությանը մասնակցելու հրավերներ էին հղվել նաեւ Օբամայի վարչակազմի պաշտոնյաներին, սակայն նրանք պատասխանել են, որ չեն կարող ներկա լինել: Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ նրանց մերժման պատճառը, ամենայն հավանականությամբ, քաղաքական մակարդակի որոշում է` հանգստացնելու համար Թուրքիայի կառավարությանը այդ զգայուն հարցում, արգելելով արտաքին քաղաքականության պաշտոնյաներին մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին Միացյալ Նահանգներում:

Միջոցառմանը մասնակցել են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ֆրենկ Լաութենբերգը, Ջեք Ռիդը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջո Բաքան, Հովարդ Բերմանը, Աննա Էշուն, Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ այլոք:

Արարողությունը բացվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի արքեպիսկոպոս Օշական Չոլոյանի աղոթքով: Նույն օրը ավելի վաղ նա աղոթք էր կարդացել Սենատում: Արքեպիսկոպոսը Կապիտոլ Հիլում նաեւ անհատական հանդիպումներ է ունեցել տասնյակից ավելի օրենսդիրների հետ:

Ինչպես անցած տարիներին, այս անգամ եւս հիշատակի արարողությունը կազմակերպվել է Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Էդ Ռոյսի եւ Ֆրենկ Փալոնի կողմից` աջակցությամբ ամերիկահայ կազմակերպությունների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության:

Դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ Ղարաբաղի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Ավետիսյանը ելույթ են ունեցել, ընդգծել յուրաքանչյուր տարի անցկացվող այս արարողությունների կարեւորությունը եւ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու միջազգային շարունակվող ջանքերը: Թաթուլ Մարգարյանը իր խոսքում նաեւ հայտնել է, որ սենատոր Մարկ Քըրքին, Ներկայացուցիչների տան կոնգրեսականներ Աննա Էշուին եւ Բրեդ Շերմանին շնորհվել է Հայաստանի բարձր կառավարական պարգեւ` Մխիթար Գոշի մեդալ` Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու իրենց ջանքերի ու հայ - ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեության համար:

Բուռն ծափահարությունների են արժանացել նախկին սենատոր Փոլ Սերբանեսը, ինչպես նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով ժամկետից շուտ պաշտոնանակ արվեց ցեղասպանություն տերմինը օգտագործելու համար:

Որպես հատուկ հյուր հրավիրվել էր նախկին կոնգրեսական Թոմ Էնդրյուսը, ով հիմա «Վերջ ցեղասպանություններին» միացյալ կազմակերպության նախագահն է: Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին միասին աշխատելու համար` ընդդեմ բոլոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը իր խոսքում ասել է, թե ակնկալում են, որ Վաշինգտոնում ու երկրով մեկ համայնքներում հասնելու են այն բանին, որ վերջ տրվի Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան քաղաքականությունը Անկարային փոխանցելու մոտեցումը:

Միջոցառումը վարել է Լոս Անջելեսի Գլենդեյլ քաղաքի քարտուղար Արտաշես Քասախյանը, ով հայկական հարցերի գիտակ է ու Կոնգրեսի հետ աշխատելու մեծ փորձ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG