Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ. Հրադադարի խախտումներն ինտենսիվացել են, կան վիրավորներ


«Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2 հազար կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ», - այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

Մասնավորապես, Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, «ապրիլի 24-ին արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Անդրանիկ Մադոյանը եւ Էռնեստ Սարգսյանը»:

«Վերոնշյալ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ, ցինիկաբար անտեսելով Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաեւ սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան», - ասված է հաղորդագրությունում։

Երեկ հրադադարի խախտում է արձանագրվել հայ - ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում, ադրբեջանական կողմից գնդակոծումների հետեւանքով վնասվել է Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզը, որի սաները եւ անձնակազմը անվտանգության նկատառումներով տարհանվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG