Մատչելիության հղումներ

«Օզալը պատրաստ էր հայկական հարցում զիջումների գնալ»


Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալ
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալ
Թուրգութ Օզալի մահվանից 19 տարի անց, Թուրքիայի նախկին նախագահի ընկերները եւ օգնականները բացահայտում են հայկական հարցի նկատմամբ նրա դիրքորոշումը` նշելով, որ նախկին նախագահը պատրաստ էր հայերի հետ փոխզիջումների գնալ` լուծելու համար տասնամյակներով շարունակվող խնդիրը: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը։

Օզալի կառավարությունում նախկին կրթության եւ պետնախարար Վեհբի Դինչերլերը թերթին ասել է, որ Օզալը ցանկանում էր ամերիկացիների միջոցով իմանալ, թե ինչ են ուզում հայերը Թուրքիայից: 1984 թվականին նա պատվիրել է իր խորհրդականներին ուսումնասիրել, թե Թուրքիան ինչ տնտեսական ու քաղաքական գին կվճարի, եթե հայկական սփյուռքի հետ փոխզիջման գնալով ընդունի ցեղասպանությունը:

71-ամյա նախկին նախարարը թերթին ասել է, որ Օզալի նպատակն էր որոշ զիջումների, հայերի հետ համաձայնությունների միջոցով լուծել այդ խնդիրը, քանի դեռ շատ ուշ չէր։

Իսկ Սուլեյման Ռումանը, ով Օզալի հետ աշխատել է անցած դարի 80-ականներին, Today’s Zaman-ում ասում է, որ նախկին նախագահը պլանավորում էր Վանում որոշ տարածքներ վերադարձնել հայերին, սակայն դրա դեմ ուժեղ ընդդիմության պատճառով այդ ծրագիրը չի իրագործվել: Զինվորական վերնախավը գտնում էր, որ հայկական ու քրդական հարցերում Օզալը չափից դուրս զիջումների է գնում։

Հասան Ջելալ Գուզելը թերթին փոխանցել է Օզալի խոսքերը` «արի նախաձեռնություն ցուցաբերենք եւ գտնենք ճշմարտությունը, եթե անհրաժեշտ է՝ քաղաքական ու տնտեսական գին վճարենք»:

Նրա պատմելով` Օզալը եկել էր այն գաղափարին, որ Թուրքիան պետք է հաշտվի ու խաղաղություն կնքի հայերի հետ: «Նա ցանկանում էր դուռ բացել հայերի վերադարձի համար: Եթե նա չմահանար, կարող էր լուծել այս հարցը», - Today’s Zaman-ին ասել է Հասան Ջելել Գուզելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG