Մատչելիության հղումներ

Չեխիայի հայությունը նշում է ապրիլ 24-ը


Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից
Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում Չեխիայի երեք քաղաքներում` Պրահայում, Յիհլավայում եւ Բռնոյում։

Ապրիլի 22-ին Յիհլավա քաղաքում «Ուրարտու» հայ - չեխական ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի հայության հոգեւոր հովիվ հայր Բարսեղ Փիլավչյանը, «Ուրարտու» ընկերւթյան նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, Յիհլավայում բնակվող եւ միջոցառմանը մասնակցելու համար Պրահայից ժամանած տասնյակ հայեր, ինչպես նաեւ Յիհլավայի փոքրիկ հայ համայնքի չեխ բարեկամները։

Տիգրան Սեյրանյանը եւ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ են դրել Յիհլավայի «Սուրբ Հոգի» եկեղեցու բակում համայնքի տեղադրած հայկական խաչքարի մոտ, ապա եկեղեցում հայր Բարսեղ Փիլավչյանը հոգեհանգստի ծես է կատարել։ Դեսպանը եւ «Ուրարտու» ընկերության նախագահը հանդես են եկել ելույթներով։

Խաչքարի մոտ կազմակերպվել է «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել» խորագրով ցուցահանդես, որից հետո Յիհլավայի կինոթատրոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով Չեխիայի հեռուստատեսության արտադրած վավերագրական-հրապարակախոսական ֆիլմը։

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի, հայության հոգեւոր հովիվ հայր Բարսեղ Փիլավչյանի եւ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառում է կազմակերպվել Բռնոյում, որտեղ մոտ 500 հայ է ապրում։

Այսօր Պրահայում նախատեսված է մեծ ցույց եւ երթ, որը կանցնի մայրաքաղաքի պատմական կենտրոնի մարդաշատ հրապարակում, ինչից հետո Սուրբ Եղիայի եկեղեցում կլինի ժամերգություն։

Ելույթ կունենան դեսպանը, համայնքի առաջատար ակտիվիստները, ապա Պրահայի Կարլովի համալսարանի երգչախումբը կկատարի հայկական հոգեւոր երգեր, իսկ երեկոյան տեղի կունենա անվանի չեխ նկարիչ Իրժի Նոսեկի «Հայաստանյան շարք» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG