Մատչելիության հղումներ

Բաքվում մեծ նվաճում են համարում Եվրախորհրդարանի զեկույցները


Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում
Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում
Ադրբեջանցիները մեծ նվաճում են համարում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված զեկույցները, որոնք կիրառվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ասոցացման պայմանագրերի բանակցություններում։

«Բանաձեւը Ադրբեջանի դիվանագիտության համար մեծ նվաճում է։ Թեպետ այդ փաստաթուղթը պարտադիր ուժ չունի, այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ եվրոպական համայնքը, առաջատար երկրները վերստին ընդգծել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը եւ Հայաստանին կոչ են արել ազատել գրաված տարածքները», - ասել է Բաքվի Արեւմտյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը։

Բաքվի դիվանագիտական հաջողության մասին է խոսել նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչի տեղակալ Ալեքսեյ Վլասովը։

«Բարոյական հաջողություն, իհարկե, կա, հատկապես` ապօրինի բնակեցման հարցում», - «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը ասել է Վլասովը, բայց եւ նշել, որ եվրոպացի պաշտոնյաները կովկասյան հարցերի վերաբերյալ հանդես են գալիս, որպես կանոն, շատ մշուշոտ, անորոշ եւ հեղհեղուկ հայտարարություններով։ «Որքանո՞վ այս հայտարարությունները կարող են վախեցնել Երեւանին` կարծում եմ, ընդհանրապես չեն վախեցնի», - ասել է Վլասովը։

Գործակալության հարցերին է պատասխանել նաեւ «Ռուսաստան - Եվրասիա» գերմանական վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը։

«Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում օկուպացիան շարունակելու Հայաստանի իրավունքը», - ասել է Ռարը։ Նրա համոզմամբ` բանաձեւը հաստատում է Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի այն սկզբունքները, որոնց համաձայն` չլուծված տարածքային խնդիր ունեցող որեւէ երկիր չի կարող համարվել Եվրամիության հետ ինտեգրման գործընթացի մասնակից։ «Մյուս կողմից, Եվրոպան երբեմն կրկնակի չափանիշներ է կիրառում, ինչպես դա եղել է ուրիշ հակամարտությունների պարագայում։ Այդ առումով, բանաձեւն Ադրբեջանի համար ավելի օգտակար կլիներ, եթե Եվրոպան Հայաստանից պահանջեր անհապաղ դուրս բերել ուժերը գրաված տարածքներից», - հայտարարել է Ալեքսանդր Ռարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG