Մատչելիության հղումներ

Ապրիլի 20-ի մամուլ


«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Շենգավիթցիների հետ նախընտրական հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե իբր իշխանություններին հաջողվել է Հայաստանի հեղինակությունը բարձրացնել միջազգային ասպարեզում, եւ որ միջազգային հեղինակավոր կենտրոններն ու մայրաքաղաքները Հայաստանի հանդեպ ավելի մեծ վստահությամբ են լցվել: Սակայն այս խոսքերը շատ քիչ կապ ունեն իրականության հետ, որովհետեւ ցանկացած երկրի միջազգային հեղինակություն եւ ընդհանրապես ցանկացած երկրի հեղինակություն նախեւառաջ սկսվում է սեփական քաղաքացուց: Այսինքն` նախեւառաջ քաղաքացու համար պետք է երկիրը, պետությունը լինի հեղինավոր, որ հեղինակավոր դառնա նաեւ միջազգային ասպարեզում: Իսկ Հայաստանի քաղաքացու համար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը ոչ միայն հեղինակավոր պետություն չի դարձել, ոչ միայն գրավիչ պետություն չի դարձել, այլ նույնիսկ սկսել է պակաս գրավիչ թվալ, ինչի վկայությունը նոր թափ ստացած արտագաղթն է: Եվ երբ երկիրը սեփական քաղաքացու համար գրավիչ չէ, եթե պետությունը հեղինակավոր չէ նախեւառաջ սեփական քաղաքացիների համար, եթե չի կարողանում նրանց պահանջները բավարարել եւ նրանց պահել հայրենիքում` ապահովելով ազատությամբ, իրավունքով, ստեղծագործական հնարավորություններով, բարեկեցությամբ, ապա ոչ մի կոպեկի արժեք չի կարող ունենալ միջազգային հեղինակությունը»:

«Թե ինչու Հայաստանի մարզերում իշխանական կուսակցությունների նախընտրական հանրահավաքներին համեմատաբար շատ մարդ է գալիս, պատճառը պարզ է՝ իշխանությունը լծակներ ունի ստիպելու պետական հիմնարկների աշխատակիցներին գալու այդ հանդիպումներին, նաեւ՝ բավականաչափ փող ունի՝ անհրաժեշտության դեպքում ավտոբուսներով «զանգվածն» ապահովելու: Պարզ է, որ ոչ մեկի ուշքը չի գնում իշխանության համար, որ հենց այնպես, «ինքնաբուխ» գան», - գրում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Երբ նույն նախընտրական հանդիպումներին, որը կազմակերպում է ընդդիմությունը, քիչ մարդ է գալիս, բացատրությունները կարող են տարբեր լինել: Բացատրություն թիվ 1. բոլորն արտագաղթել են… Եթե արտագաղթը հանրահավաքների սակավության պատճառն է, ապա՝ ոչ հիմնականը: Բացատրություն թիվ 2. մարդկանց վախեցնում են, ահաբեկում են, որ ընդդիմության հետ հանդիպման չգան: Շատ հնարավոր է: Բայց եկեք սթափ գնահատենք իրավիճակը՝ հիմա՞ են մարդկանց ավելի շատ վախեցնում, թե՞ 2007-2008 թվականներին: Ինչո՞ւ էին ապա այն ժամանակ ընդդիմության հանրահավաքներն ավելի մարդաշատ: Գուցե դրա մասնակի պատասխանը տալիս է բացատրություն թիվ 3-ը. մարդիկ չեն կարեւորում խորհրդարանական ընտրություններն այնքան, որքան նախագահականը: Դա էլ կա. մեր ժողովուրդը վստահ է, որ ամեն ինչ «թագավորն» է որոշում. ուզենա նախագահը՝ հազարավոր աշխատատեղեր կբացի, ցանկանա՝ կոռուպցիան կվերացնի, հրամայի՝ աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան: Դա կոչվում է «ժողովրդի մասին մտածել»: Այսպիսով, թվարկած երեք բացատրություններն էլ ունեն ռացիոնալ հատիկ, բայց ամբողջական չեն»:

«Հրապարակ» թերթը եւս անդրադառնում է ընդդիմադիրների նախընտրական հանդիպումների ժամանակ համակիրների սակավությանն ու նկատում. - «Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունն ավելի վատ վիճակում է, քան իշխանական ուժերը: Չէ՞ որ իր կյանքից դժգոհ մարդը, բնականաբար, պետք է ձայնը տար ընդդիմությանը: Բայց ընդդիմադիր ուժերի տեւական պասիվությունը եւ միայն նախընտրական շրջանում ակտիվանալը, կարծում ենք, էականորեն վնասեցին նրանց, եւ թափ հավաքելու ժամանակ չմնաց»:

«Հայոց Աշխարհ»-ը ձեւակերպում է. - «Տեր-Պետրոսյանի մարզային վոյաժների պարտադիր ծրագրի մյուս կարեւոր «ատրիբուտը» Հայաստանում ստեղծված «վախի մթնոլորտը» վեր հանելն է, որի հետեւանքով էլ իբր «ժողովուրդը» չի գալիս ՀԱԿ-ի նախընտրական շոուներով հիանալու։ «Ումի՞ց եք վախենում, գողից կարելի՞ է վախենալ, ավազակից։ Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ գողերն ու ավազակները ձեզանից վախենան»,- վախեցածներին գոտեպնդելու անհաջող փորձեր է անում Տեր-Պետրոսյանը՝ «մոռանալով», որ ընդամենը մի քանի ամիս առաջ հաճույքով երկխոսում էր գողերի ու ավազակների հետ»։

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG