Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» միասնական շտաբի հետեւում Քոչարյանին է տեսնում


«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյան
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը վերջնականապես որոշել է ինքնուրույն աշխատել ազատ ու արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ` առանց քաղաքական ուժերի միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ շտաբի նպատակները ամենեւին ընտրությունների վերահսկողությունը չէ: «Ժառանգության» ներկայացուցիչը ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին մեղադրեց միասնական շտաբը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի վերածելու մեջ:

«Եթե ՀԱԿ առաջնորդը հայտարարում է, որ իր թիվ մեկ թշնամին Հանրապետական կուսակցությունն է, եւ ինքը անգամ չի քննադատելու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ վերադարձը ապահովող քաղաքական ուժերին, սա նշանակում է, որ, ըստ էության, գոյություն ունի ստվերային պայմանավորվածություն, եւ այս միասնական շտաբը, ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է հիշեցնում, քան ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը ապահովելուն կոչված շտաբը», - ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանի կարծիքով` ուրվագծվում է շտաբում ներառված ուժերի ցանկությունը, այն է` ստեղծել մի կոալիցիա, որի թիկունքում կանգնած կլինի Քոչարյանը:

«Սկսած արտաքին քաղաքական կողմնորոշումներից, վերջացրած ներքին քաղաքական հարցերում նույնատիպ շահագրգռություններ ունենալը միասնական է, եւ կարծեք թե ուրվագծվում է նաեւ նրանց այն ցանկությունը, որ, ըստ էության, վերջիններս կազմավորեն կոալիցիա, որի թիկունքում կանգնած է հանրապետության երկրորդ նախագահը», - ասաց նա:

Սաֆարյանը, ներկայացնելով այն փաստարկները, որոնք, իր կարծիքով, ակնհայտ են դարձնում միասնական շտաբի նպատակների փոփոխումը, հիշատակեց կոալիցիոն ԲՀԿ-ին վերջերս անդամագրված Վարդան Օսկանյանի հնչեցրած տեսակետները իշխող կոալիցիայի մասին:

«Դա այնքան ակնհայտ է… սկսած Վարդան Օսկանյանի հայտարարություններից, վերջացրած Հմայակ Հովհաննիսյանի… բազմաթիվ հայտարարություններ են արվել, եւ եթե այս հայտարարությունների հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն խնդիր չունեն, ապա սա նշանակում է, որ նրանք գտնվում են նույն դաշտում: Վարդան Օսկանյանը խոսել է նոր կառավարության մասին, այս կոալիցիայի իմիտացիա լինելու մասին, խոսել է այս կոալիցիայի սպառված լինելու մասին, խոսել է այս կոալիցիայի անդամներից մեկի` Հանրապետական կուսակցության կործանարար քաղաքականության մասին եւ խոսել է վերջապես նոր իշխանության ձեւավորման մասին», - ասաց նա:

Հետեւաբար միասնական շտաբի աշխատանքները բոյկոտած կուսակցությունը չի վերադառնա ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ քննարկումներին ու աշխատանքին:

«Եթե այդ երեք քաղաքական ուժերը, ըստ էության, դեմ են արտահայտվում ընտրությունների ազատությանը եւ արդարությանը սպառնացող եղանակներով (դա կլինի ընտրակաշառքը, բարեգործությունը) քվեներ բերելուն, ապա մեզ մնում է ենթադրել մի բան. նրանք ուզում են ընտրական տեղամասերից դուրս աշխատել իրենց հայտնի մեթոդներով, իրենց բնորոշ մեթոդներով ձայներ բերել եւ ընդդիմությունը, այդ թվում` «Ժառանգություն»-ը, պետք է պահպանեն անազնիվ եղանակներով բերված ձայները: Ներեցեք, «Ժառանգություն»-ը այդտեղ անելիք չունի», - ասաց նա:

«Ժառանգություն»-ը, հիշեցնենք, անցած շաբաթ բոյկոտեց միասնական շտաբի աշխատանքները` պահանջելով, որ շտաբի ձեւավորման մասին հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի առաջին դեմքերը:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG