Մատչելիության հղումներ

Օսկանյան. Նախագահի հանդուրժողականության կոչերը արհամարհվում են


Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի` ընտրությունների ընթացքում հանդուրժողականություն դրսեւորելու կոչերը «արհամարհվում են»:

«Հանդուրժողականությունը այս ընթացքում շատ կարեւոր է: Ես ուրախ եմ, որ հանրապետության նախագահը նման կոչեր անում է, բայց այս պահին դրությամբ դրանք կարծես թե արհամարհվում են: Հուսով եմ` մարդիկ կլսեն նախագահի կոչը, մեր բոլորի կոչը», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի ասաց Օսկանյանը չորեքշաբթի քաղաքական ուժերի միասնական շտաբի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Օսկանյանը, մասնավորապես, հիշատակեց ոչ միայն թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ թեկնածուների նկատմամբ իրականացվող բռնությունները, այլ նաեւ ավելի վաղ Արմավիրի մարզում ծեծի ենթարկված թեկնածուի ինքնաբացարկը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Վարդան Օսկանյանը խոսում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, երբ ԲՀԿ-ն գյուղերում տրակտոր է բաժանում: Արդյո՞ք դա նույնպես ընտրակաշառք չէ:

«Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը այս հինգ տարիները ձեռքերը ծալած, նստած լիներ եւ ոչինչ արած չլիներ հայ գյուղացու համար եւ հանկարծ ընտրությունների նախաշեմին ինչ-որ պարարտանյութ բաժաներ կամ տրակտորներ, ես կհասկանայի ձեր քննադատությունը: Բայց չմոռանանք, որ այս հինգ տարիների ընթացքում կուսակցությունը, հիմնադրամը միշտ էլ ժողովրդի կողքին են եղել, բազմաթիվ բարեգործական աշխատանքներ են կատարել: Այժմ գարնանացան է, ի՞նչ է գյուղացին պետք է տուժի այն պատճառով, որ ընտրություններ կան, որպեսզի քննադատություն չհնչի՞: Ես կարծում եմ, որ սրա մեջ միայն եւ միայն դրականը պետք է տեսնել», - ասաց նա:

Ի դեպ, լրագրողները Օսկանյանին նաեւ հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի հետ նախընտրական հանդիպումների է գնում զենքով:

«Չեմ ուզում դա մեկնաբանել: Ես կարծում եմ, որ դրանից մեծ բան իսկապես պետք է չէ սարքել: Հայաստանում եթե օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է կրելու: Այնպես, որ պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը այդպես գնալ ընտրարշավի», - ասաց Օսկանյանը եւ ի պատասխան ճշտող հարցին, թե դա ի վերջո զե՞նք էր, թե՞ հեռախոս, ինչպես պնդում էր Ծառուկյանը եւ մյուս ԲՀԿ-ականները, հավելեց. - «Նկարներից դատելով, ինչ, որ ես տեսա, կարծում եմ, որ զենք էր»:

Օսկանյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին` նշելով, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ դրանց վրա պետք է կենտրոնանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG