Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը կհրաժարվի՞ «Եդինայա Ռոսիա»-ից


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտին, մարտ, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտին, մարտ, 2012թ.

«Եդինայա Ռոսիա»-ի համագումարում Պուտինը կարող է հանդես գալ կուսակցության ղեկավարումը Մեդվեդեւին փոխանցելու առաջարկով։

Ռուսաստանի քաղաքական վերնախավում ենթադրում են, որ վերադառնալով Կրեմլ` Վլադիմիր Պուտինը իրեն կսահմանազատի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունից։ Այն կղեկավարի Դմիտրի Մեդվեդեւը, ով մայիսից կստանձնի վարչապետի պաշտոնը։

Ուստի, ինչպես «Վեդոմոստի» պարբերականն է նշում, տանդեմի փոխատեղումը կրկնակի կլինի. նրանք կփոխվեն ոչ միայն Կրեմլի եւ Սպիտակ տան (այդպես են անվանում Ռուսաստանի կառավարության շենքը) աթոռներով, այլեւ իշխող կուսակցության հանդեպ իրենց դերերով։

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով` «Եդինայա Ռոսիա»-ն բարդ վիճակում է հայտնվելու, քանի որ Դմիտրի Մեդվեդեւը, ամենայն հավանականությամբ, կփորձի կուսակցությունը տանել աջ ուղղությամբ, մինչդեռ, ավելի ձեռնտու կլիներ շարժվել դեպի ձախ եւ գրավել այն տեղը, որն այսօր ցանկանում է զբաղեցնել Համառուսաստանյան ժողճակատը։

Այդ կառույցը, որի ստեղծման նախաձեռնողը Պուտինն է, այսօրվա դրությամբ իրավաբանական կարգավիճակ չունի, սակայն վարչապետը վերջերս հանդիպել է դրա համակարգող խորհրդի հետ եւ առաջարկել Ժողճակատը դարձնել հասարակական շարժում` ապագայում կուսակցության վերածելու հեռանկարով։

Նա նկատել է տվել նաեւ, թե պատրաստ է գլխավորել կուսակցությունը։ Եթե այդ ծրագիրն իրականացվի, «Եդինայա Ռոսիա»-ի դիրքն էապես կթուլանա` այն ստիպված կլինի մերվել «երկրորդ իշխող կուսակցության» դերին։

Թեպետ հնարավոր է, որ Մեդվեդեւը նոր լիցք հաղորդի «Եդինայա Ռոսիա»-ին եւ բարեփոխական բնույթի նախաձեռնություններ ներկայացնի Պետական դումա։ Փաստորեն, ըստ այդ տարբերակի, «Եդինայա Ռոսիա»-ի եւ Համառուսաստանյան ժողճակատի հարաբերությունները կվերաճեն «լավի եւ լավագույնի մրցակցության»։

Մինչդեռ, վերլուծաբան Գլեբ Պավլովսկու կարծիքով, Պուտինը գուցեեւ չցանկանա դառնալ կուսակցապետ։ Նա մի անգամ ասել է, թե հենց վերկուսակցական կարգավիճակն է Համառուսաստանյան ժողճակատի հզոր կողմը, որը մյուս ուժերի հետ սերտ համագործակցության հնարավորություն է ընձեռում, եւ այդ կարգավիճակը պետք է պահպանել։

Փաստորեն, այդպես նախագահը հայտնվում է համակարգից դուրս, դառնում ղեկավար, ով հաստատում է կանոնների բացակայություն։

«Այս դեպքում ոչ միակուսակցական, ոչ երկկուսակցական, ոչ էլ բազմակուսակցական համակարգ չի մնա», - ասել է Գլեբ Պավլովսկին եւ եզրափակել. - «Կառավարման համակարգում կառաջանա ճեղքվածք, հետզհետե կնվազի թե՛ նախագահի եւ թե՛ համակարգի սահմանադրական լեգիտիմությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG