Մատչելիության հղումներ

Մալաթիայի միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել


Սամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյան
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել կիրակի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայ ազգային (ՀԱԿ) թեկնածուների վրա կատարված հարձակման դեպքի կապակցությամբ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` «դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար»: Այս գործով դեռեւս կասկածյալներ չկան:

ՀԱԿ թեկնածուները` Բաբկեն Գարոյանը, լրագրող Գայանե Առուստամյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակման են ենթարկվել: Առուստամյանի փոխանցմամբ` իրենց վրա հարձակվել է 10-12 հոգուց բաղկացած «հրոսակախումբ». նրանք հարվածել են Առուստամյանի դեմքին, գլխին, կոտրել են Գարոյանի քիթը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած այս, ինչպես նաեւ մյուս միջադեպերին այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նույն համայնքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ կիրակի օրը «լրջագույն խոչընդոտներ» են հարուցվել իր նախընտրական քարոզչության իրականացման համար. մասնավորապես, ինչ-որ մարդիկ իր վստահված անձանց արգելել են քարոզչական նյութեր տարածել, սպառնացել են «ջարդել նրանց գլուխը», այնուհետեւ ժամանել են մի խումբ կանայք եւ սկսել են ցույց անել ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի, ով նույնպես առաջադրված է թիվ 7 ընտրատարածքում:

Փաշինյանի փոխանցմամբ, ըստ ականատեսների, ցուցարարների զգալի մասը բերվել է ավտոբուսներով: Նա ասաց, որ արդեն ուշ երեկոյան իր ահազանգով ոստիկանություն բերման է ենթարկվել «Օպել» մակնիշի մեքենան, որը մի քանի ժամ հետեւել է իր տեղաշարժերին: Բերման ենթարկվածներից մեկը, Փաշինյանի խոսքով, եղել է Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած խժդժությունների ամենակտիվ մասնակիցներից մեկը:

Երեկվա այս միջադեպերից ու իր դեմ կազմակերպված ցույցի հետո Փաշինյանն ասում է, թե տեսել է «բոլորովին ուրիշ Հայաստան»:

«Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի այս օրերին տեղ-տեղ երեւակվում է որպես մի նորօրյա Օսվենցիմ, որի գերիների ազատագրման համար պայքարը համարում եմ իմ քաղաքական պայքարի կարեւորագույն նպատակներից մեկը», - հայտարարեց Փաշինյանը նորից բանավեճի հրավիրելով Ալեքսանյանին. - «Սամվել Ալեքսանյանը առաջ է մղում կանանց: Հիմա ասում եմ, Սամվե'լ, արի տղամարդավարի դեմ դիմաց կանգնենք, խոսենք մեր ընտրողների առաջ: Պետք չէ կանանց ուղարկել, կանանց հետեւում թաքնվել: Սամվե'լ, արի բանավիճենք: Սա ընտրություն է, սա քաղաքականություն է, սա շաքար ներկրել չէ, սա օղի կեղծել չէ, սա սպառողներին խաբել չէ»:

Այս միջադեպերի մասին ՀԱԿ-ը պաշտոնապես տեղյակ է պահել միջազգային դիվանագիտական ներկայացուցչություններին եւ դիտորդներին:

Փաշինյանի ասուլիսից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ալեքսանյանի նախընտրական շտաբը, մասնավորապես, պնդելով, որ «որեւէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ եւ համոզված է, որ թիվ 7 ընտրատարածքի բնակիչների ինքնաբուխ, բուռն դժգոհությունները պայմանավորված են եղել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների միտումնավոր սադրիչ գործողություններով՝ ուղղված թիվ 7 ընտրատարածքում քաղաքակիրթ ընտրական գործընթացների վրա ստվեր գցելու միտումով»:

«Ալեքսանյանի ընտրական շտաբը խստորեն դատապարտում է ընտրական գործընթացներում հակաօրինական եւ սադրիչ բնույթի ցանկացած դրսեւորում եւ կոչ է անում, այդ թվում նաեւ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ստվար զանգվածներին, չենթարկվել ոմանց սադրանքներին եւ պահպանել սառնասրտություն: Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուի որոշ մրցակիցների ջղաձիգ գործողությունները պայմանավորված են ընտրողների իրական նախապատվությունների մասին հստակ տվյալներով եւ իրական պատկերացումներով», - ասված է հայտարարությունում:

Ալեքսանյանի ընտրական շտաբը հայտարարում է, որ միջադեպի գլխավոր պատճառը ընտրատարածքի բնակչությանը Փաշինյանի կողմնակիցների կողմից բաժանված քարոզչական նամակներ են, որոնք «պարունակում էին, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Սամվել Ալեքսանյանի հանդեպ»:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ասուլիսում հայտարարեց, որ ընդունում է ՀՀԿ-ի մեկ այլ թեկնածու Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը: Նա հիշեցրեց, որ ապրիլի 12-ին կայացած ասուլիսում Հայրապետյանը բանավեճի է հրավիրել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց, ՀԱԿ-ն էլ որոշել է, որ Հայրապետյանի հետ պետք է բանավիճի ինքը (Փաշինյանը զբաղեցնում է ցուցակի յոթերորդ տեղը): Նա ընդգծեց, թե ակնկալում է, որ այսօր երեկոյան ժամը 22-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում այդ բանավեճը տեղի կունենա, ամեն դեպքում ինքը պատրաստվում է ներկայանալ բանավեճին:

«Եթե Հայրապետյանը վախենում է գալ հեռուստաբանավեճի, թող իզուր տինդիրիտներ չանի: Ես լրագրողներին կոչ եմ անում այս բառը ճիշտ օգտագործել, ճիշտ գրել՝ տին-դի-րիտ-ներ», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:05:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG