Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդուրժողականության կոչ է անում


Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էր Արարատի մարզ:

Նախագահին ուղեկցում էին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մինչդեռ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար, Արարատից ընտրված պատգամավոր, Ազգային ժողովի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը ներկա չէր:

Ընտրողների հետ հանդիպումներում ելույթ էր ունենում միայն Սերժ Սարգսյանը` կոչ անելով քվեարկել ոչ միայն ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, այլեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր կուսակիցների օգտին:

Այսօրվա իր ելույթներում Սերժ Սարգսյանի հիմականում հանդուրժողականության կոչեր էր անում: Մասիս քաղաքում, օրինակ, նա հորդորեց, որ ընտրություններից հետո թշնամությունը չավելանա. - «Հիշեք, որ մայիսի 6-ից հետո լինելու մայիսի 7,8, 9, եւ որ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին թշնամությունը մի գրամ ավելացած չպետք է լինի»:

Հանդուրժողականության կոչեր նախագահը հնչեցրեց նաեւ Հայանիստ գյուղում` բնակիչներին հորդորելով չթշնամանալ այն հարեւանի հետ, ով ուրիշի օգտին կքվեարկի. - «Այն հարեւանը, այն բարեկամը, ով, ենթադրենք, ուրիշին է քվեարկելու կամ այլ կարծիք է ունենալու, նրա հետ պետք չէ թշնամանալ… Մենք պետք է այս ընտրությունները լավ կարողանանք անցկացնել, որպեսզի նախ հասարակության մեջ թշնամանքը չավելանա, եւ երկրորդ` որպեսզի արդար, ազնիվ, ազատ ընտրություններով ընտրված պատգամավորները կարողանան մեր երկիրը զարգացնել»:

Այնթափ գյուղում նախագահը նշեց, թե ընտրողից շատ բան է կախված, քանի որ մտնելով ընտրախցիկ, ժողովուրդը ձայն է տալու այն քաղաքական ուժին, որը պետք է զարգացնի երկիրը. - «Եվ ես ձեզ կոչ եմ անում դա անել խղճի մտոք… Ձեզ կոչ եմ անում այնպես քվեարկել, որպեսզի մայիսի 7-ին, 8-ին, 9-ին դուք ձեր ընտրության համար չփոշմանեք»:

Ավշար գյուղում Սերժ Սարգսյանն ասաց. - «Այս ընտրությունները մեզ համար չափազանց կարեւոր են, որպեսզի մենք կարողանանք մեր տեղը զբաղեցնել առաջնակարգ երկրների շարքում, որպեսզի մեզ ոչ մեկը չկշտամբի` ո'չ մեր ժողովուրդը եւ ո'չ էլ մեր գործընկերները»:

«Եթե մենք 2007 թվականին` որպես Հանրապետական կուսակցության, չստանայինք մեր ժողովրդի վստահությունը, չտանեինք շատ քվե, ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի տրամադրությամբ մենք կգնայինք նախագահական ընտրությունների: Եվ նույնիսկ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո էլ ես ինչպե՞ս պիտի բանակցություններ վարեի կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրով», - նշեց Հանրապետականի առաջնորդը` շարունակելով. - «Պատկերացնո՞ւմ եք, երբ դեմ-դիմաց նստում են ղեկավարները… Այսինքն ես ինձ պիտի մի քիչ կաշկանդված զգայի, ես մի քիչ ինձ ավելի թույլ պետք է զգայի, լեզուս կարճ պետք է լիներ»:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն ավշարցիներին կոչ արեց քվեարկել Դաշնակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ավշար» գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի օգտին: Հարկ է նշել, որ այս ընտրատարածքում (թիվ 18) Հանրապետականը մեծամասնական ընտրակարգով թեկնածու չի առաջադրել:

«Ես կոչ անելով, որպեսզի քվեարկեք Հանրապետական կուսակցության օգտին, կոչ եմ անում քվեարկել պարոն Արայիկ Գրիգորյանի օգտին: Եվ սա էլ, խնդրում եմ, որպես տարօրինակ երեւույթ չընդունեք: Ուզում ես ասել, որ եթե Արայիկը Գրիգորյան Հանրապետական կուսակցության անդամ չէ, դա ոչինչ չի նշանակում: Որովհետեւ կան անկուսակցականներ, որ շատ հանրապետականներից ավելի մեծ գործեր կարող են կատարել», - ասաց նա:

Այս գյուղում նախագահին կարողացավ մոտենալ մի ծերունի ու խնդրեց դեռ խորհրդային տարիներին կուտակած գումարները: Սերժ Սարգսյանը զարմացավ, որ 1928 թվականին ծնված այդ մարդու ավանդը դեռ չեն վերադարձրել, եւ խոստացավ. - «Շատ լավ, կնայենք: Սիրտդ լեն պահի»:

Արարատ քաղաքում Սերժ Սարգսյանին դիմավորեց ՀԱԿ-ի անդամ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ինքը սատարում է ՀՀԿ-ին, Արմեն Սարգսյանը պատասխանեց. - «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եւ չեմ էլ պատրաստվում որեւէ մեկին սատարելու կամ չսատարելու… Ես սատարում եմ իմ մեծ եղբոր ընկերներին, ովքեր իմ եղբոր ընկերներն եղել եւ մնում են»:

please wait

No media source currently available

0:00 0:06:03 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG