Մատչելիության հղումներ

«Ազատ, արդար ընտրությունների շատ խիստ հրահանգներ ենք ստացել»


Առաքել Մովսիսյան, արխիվային լուսանկար
Առաքել Մովսիսյան, արխիվային լուսանկար
«Մենք ստացել ենք շատ խիստ հրահանգներ, որ ազատ, արդար ընտրություններ լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց գործող Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով ընդգրկված է իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի բավական բարձր` 34-րդ հորիզոնականում։

«Վերջնականապես բոլորս էն կարգավիճակում ենք, որ մեր երկրում աշխատում ենք բոլոր ուղղություններով, որ միանշանակ ազատ, արդար ընտրություններ լինի, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա ա», - ասաց Մովսիսյանը, ով չորեքշաբթի օրը Արմավիր այցելության ընթացքում ուղեկցում էր Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին։

«Մենք ուզում ենք երկիրը առաջ տանենք, ոչ թե ընտրությունների խախտումներով, արջի ծառայություն մատուցողներով մեր երկրի իմիջը քցենք։ Դա երբեք չի լնի, պատերազմը հաղթած կարգավիճակից հետո պետք ա վերականգնենք մեր ամբողջ տնտեսությունը եւ մնացած մյուս կարգավիճակները», - հայտարարեց հանրապետական պատգամավորը։

Ի պատասխան հիշեցման` «ընդդիմությունը հաճախ է քննադատում, որ Հանրապետականն առաջադրել է թեկնածուներ, նաեւ` իր ցուցակում ընդգրկել, ովքեր չեն գալիս Ազգային ժողով, նիստերին չեն մասնակցում, օրենսդրական նախաձեռնություններ չեն անում», Առաքել Մովսիսյանը հայտարարեց. - «Միանշանակ ասեմ` բացակա չունեմ Ազգային ժողովում, բացարձակ չունեմ բացակայություն Ազգային ժողովից։ Բացի դա էլ` ընդդիմությունը որեւէ մի տեղ որ անհատների կամ ասում են մականունավորների` թող գան մտնեն իմ ընտրատարածքները, բոլորը` ես կոչ եմ անում, թող գան մտնեն, հարցնեն, կարող է` Մովսիսյան Առաքել չիմանան, «Շմայս» ասեն` բոլորն էլ գիտեն։ Որովհետեւ ես ժողովրդի ընտրյալն եմ, ժողովրդի կողքի մարդն եմ։ Անում եմ ամենաանհնարինը` իմ ժողովուրդը, որ մենք իրանց ծոցից ենք ելել, իրանց ծոցում ենք մեծացել, իրանց հետ էլ ապրելու ենք։ Ընտրություններից հետո վերջիվերջով մենք ման ենք գալու իրանց կողքով»։

Իսկ հարցին` օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկե՞լ է այս գումարման Ազգային ժողովում, պատգամավորը արձագանքեց. - «Ես ավելի շատ հանդես եմ եկել իմ նամակներով, իմ արած գործերով, քանց թե ես հելնեի ամբիոնից ինչ-որ հարցեր քննարկեի»։

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված իր «Շմայս» մականունը` այդ կապակցությամբ Առաքել Մովսիսյանը ասաց. - «Մականունն էլ` էդ շատերը որ մականուն են համարում, էն վախտ որ ավտոմատ չկար էս երկրում, «Շմայսեր» ավտոմատ էի ձեռք բերել դրսից` Ռուսաստանից, եւ դրանով եմ գնացել պատերազմ, դրանով եմ ձեռք բերել, անցել նոր «Կալաշնիկով»-ի։ Վերջացրինք»։

Օրենսդրական գործունեությամբ աչքի չընկած Մովսիսյանը հայտնվեց այս գումարման Ազգային ժողովի սկանդալային պատմություններից մեկում, երբ դահլիճից վիրավորեց խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցող «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին։

please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG