Մատչելիության հղումներ

Քննարկվեցին միասնական շտաբին առնչվող հարցեր


«Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի հետագա աշխատանքներին կմասնակցի պայնամով, որ շտաբի ձեւավորման հռչակագիրը ստորագրեն նաեւ քաղաքական ուժերի լիդերները:

«Եթե մենք չունենք նախնական համաձայնություն, որ այդ փաստաթղթի տակ կլինի առաջին դեմքերի ստորագրությունը, մենք երեւի ձեռնպահ կմնանք», - այսօր կազմակերպված քննարկմանը հայտարարեց «Ժառանգության» փոխնախանագահ Ռուբեն Հակոբյանը:

Անցած շաբաթ, հիշեցնենք, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն էին դրել ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները:

Հակոբյանի հայտարարությունը հարուցեց մյուս երեք ուժերի ներկայացուցիչների տարակուսանքը: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անընդունելի համարեց նախապայմաններ դնելը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ անցած շաբաթ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրած անձինք լիազորված էին այդ ուժերի ղեկավարների կողմից, ուստի փաստաթուղթը նորացնելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Ինչպես Զուրաբյանը, այնպես էլ Ռուստամյանը ասացին, թե պատրաստ են, որ փաստաթուղթը ստորագրեն նաեւ առաջին դեմքերը:

Քննարկմանը «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Վարդան Օսկանյանը ձեռնպահ մնաց Զուրաբյանի եւ Ռուստամյանի հայտարարությանը միանալ` ասելով, որ հարցը պիտի քննարկի Գագիկ Ծառուկյանի հետ:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով` պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Չտարանջատելով կոալիցիոն ուժերին` նա հայտարարեց, որ նրանք անօրինական գործողություններով են զբաղված` անձնագրեր են հավաքում, մարզերում ընտրակաշառք են բաժանում: Ուստի, ըստ Հակոբյանի, առաջնորդների ստորագրությամբ կճշտվի, թե որ դաշտում են նրանք գործում:

«Եվ եթե մենք այդքան քաղաքական կամք չունենք, որ կողմնորոշվենք, թե որ դաշտում ենք գործելու, մենք ընդհակառակը` այս շտաբի ձեւավորումով ավելի կհիասթափեցնենք ժողովրդին: Եթե դուք դեմ չեք, Դաշնակցությունը հայտարարում է` կողմ է, մենք հայտարարում ենք, որ կողմ ենք, այդ դեպքում ի՞նչ տրամաբանության շրջանակում է, որ մենք չենք դիմում «Բարգավաճ»-ին», - ասաց Հակոբյանը:

«Ես չեմ ուզում խանգարել այդ միասնական աշխատանքը», - ասաց Վարդան Օսկանյանը. - «Եթե գտնում եք, որ դուք երեքով կարող եք դա անել` մենք ձեզ գանք, կողքից օգնենք: «Բարգավաճ Հայաստան»-ը ե'ւ մարդկային, ե'ւ տեխնիկական այնպիսի ռեսուրսներ է դնելու այս ընտրակեղծիքների դեմ պայքարելու, որ դու զարմանալու ես»:

Երկար բանավեճից հետո «Ժառանգության» փոխնախագահը հեռացավ` եւս մեկ անգամ հիշեցնելով իրենց պայմանը:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները քննարկեցին նաեւ շտաբի աշխատակարգին վերաբերող հարցեր:

Նախագիծը ներկայացրել էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա առաջարկները մեծամասամբ ընդունվեցին: Կուսակցությունները շտաբ կգործուղեն մեկական ներկայացուցչի` ընտրախախտումների ձեւերն ուսումնասիրելու, ապացույցներ հավաքելու համար:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստ է շտաբի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար միջոցներ տրամադրել, անգամ պետական մարմիններից անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել ու ստանալ:

Օսկանյանի խոսքով` շտաբը «քաղաքական հրամայական է», քանի որ «ընտրություններն ուղղորդելու ընդհատակյա աշխատանք է կատարվում»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ով է կատարում այդ աշխատանքը, նախկին արտգործնախարարը չպատասխանեց` ասելով. - «Չեմ ուզում ես մեկնաբանություններ տալ: Ամեն ինչ բաց է, ակնհայտ է: Մենք այս ընդհանուր շտաբով ուզում ենք մասնակցություն բերել ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն»:

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի հաջորդ նիստը կգումարվի մեկ շաբաթից:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG