Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը սկսեց քարոզարշավը


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ազդարարում են քարոզարշավի մեկնարը:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ազդարարում են քարոզարշավի մեկնարը:
«Այսօր սկսվում է հաղթական ճանապարհը դեպի Նոր Հայաստան, եւ այդ ճանապարհը մենք տանելու ենք յուրաքանչյուր գյուղ եւ քաղաք, եւ իշխանությունն` առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ, վերադարձնելու ենք հայ մարդուն»,- հայտարարելով քարոզարշավի մեկնարկը` ասաց կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն»-ը, որի համամասնական ցուցակում, ինչպես հայտնի է, ընդգրկվել են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այսօր նաեւ հանրության դատին ներկայացրեց իր նախընտրական ծրագրի համառոտ տարբերակը:

«Դեպի նոր Հայաստան տանող հաղթական ճանապարհը` քաղաքացու իշխանության, երկրի սուվերենության, ազգային շահի Հայաստանը կերտելու ենք միասին: Յուրաքանչյուր քաղաքացի… մասն է կազմելու այդ մեծ ճանապարհի, որը սկսում է այսօր այստեղից, եւ տանելու ենք յուրաքանչյուր գյուղ եւ քաղաք, հրապարակ եւ բակ: Եվ իշխանությունը… առաջին անգամ նորագույն Հայաստանի պատմության ընթացքում վերադարձնելու ենք հայ մարդուն իր հողի, իր արժանապատվության, իր աշխատանքի իրավունքին: Եվ դա անելու ենք միասին», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախընտրական ծրագրի համառոտ տարբերակում, մասնավորապես, կարդում ենք. - ««Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» եւ քաղաքացիական հասարակության ձեւավորած խորհրդարանն ու կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում կլուծեն բոլոր հայաստանցիների առանցքային խնդիրները` կապահովեն ազատ տնտեսական մրցակցություն, արդյունաբերության գիտատար, բարձր տեխնոլոգիական ճյուղերի եւ գյուղատնտեսության զարգացում, արդար հարկահավաքություն եւ աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, կապահովեն Մեծ վերադարձ դեպի Հայաստան, որի շնորհիվ 5 տարվա ընթացքում Հայաստանից մեկնողների ու վերադարձողների հաշվեկշիռը կդառնա դրական` տարեկան միջինը 100 հազար մարդ, կպաշտպանեն ազգային շահերը, կպայքարեն հանուն Արցախի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության միջազգային ճանաչման, կպաշտպանեն Ջավախքի մեր հայրենակիցների իրավունքները, կձգտեն կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները` միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ճանաչման եւ հատուցման հիման վրա»:

«Ժառանգության» առաջնորդը նաեւ հայտարարեց, թե իրենց թիմը «ոչ միայն կազմելու է մեծամասնություն Ազգային ժողովում, այլեւ մասնակցելու է գործադիր իշխանության` կառավարության, ապա եւ նախագահության եւ դատական իշխանության ձեւավորմանը». - «Ով չի հավատում այսօր, կհավատա 30 օր անց»:

Միջոցառման ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, իրենց վարելիք քարոզարշավը բնորոշեց որպես «համեստ եւ համապարփակ»:

Հարցին, թե ինչպիսի արդյունք են ակնկալում, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Միմիայն առաջին տեղը: Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների բերմամբ` եթե լինեն մեր 20 տարվա պետականության ընթացքում առաջին անգամ, «Ժառանգություն»-ը կլինի առաջին տեղում թե' Երեւանում, թե' Հայաստանի ողջ տարածքով»:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG