Մատչելիության հղումներ

11 ընտրատարածքներում ընդդիմադիրները միմյանց դեմ կմրցեն


Երեւանի թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթի եւ Էրեբունու շրջանները, մեծամասնական ընտրակարգով առաջադրված 6 թեկնածուներից 4-ը ընդդիմադիր են:

Իշխող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) գործող պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) թեկնածու Ռոբերտ Մասումյանի դեմ առաջադրվել են Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը, Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) թեկնածու Կառլեն Գեւորգյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ու «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:

Տիգրան Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որեւէ խնդիր չէր տեսնում երեք ընդդիմադիր մրցակիցներ ունենալու մեջ՝ կարծիք հայտնելով, որ յուրաքանչյուր թեկնածու ունի իր ընտրազանգվածը:

«Ես ունեմ մեկ մրցակից՝ բոլորը միասին: Ես չեմ գնում ինչ-որ մեկից ձայն փախցնեմ, կամ էլ մտածեմ, որ ինչ-որ մեկը ինձնից ձայն կտանի», - ասաց Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի թեկնածուն ասաց, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելն իր որոշումն է եղել, հորեղբայրն այստեղ դեր չի խաղացել: Նա իրեն քաղաքական գործիչ համարում է, 2002 թվականից Էրեբունու թաղապետարանում ավագանու անդամ է եղել, 2007-ից էլ պայքարել է Ազատության հրապարակում: Հարցին, թե ինչո՞ւ առաջադրվեց հենց թիվ 12 ընտրատարածքում, Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ այդպես է հարմար գտել: Հիշեցնենք՝ Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներում տեղակայված մյուս` թիվ 13 ընտրատարածքում, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ ՀԱԿ-ը Մանուշակ Պետրոսյանին է առաջադրել:

Տեր-Պետրոսյանը հերքեց, որ իր եւ Սեդրակյանի միջեւ պայմանավորվածություն կա:

«Այդպիսի բան չէր կարող լինել: Եղել է հանդիպում՝ Մհեր Սեդրակյանի նախաձեռնությամբ: Միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ ապօրինություններ չլինեն: Այլ թեմա չի քննարկվել», - ասաց նա:

Իր ուժերի վրա վստահ էր նաեւ այս ընտրատարածքում ընդդիմադիր մյուս թեկնածուն` Անահիտ Բախշյանը, ով համայնքի բնակիչ չէ, բայց ութ տարի ղեկավարել է ընտրատարածքում գտնվող թիվ 27 դպրոցը:

«Ես շատ սերմեր եմ ցանել ութ տարվա ընթացքում. այդ սերմերը այսօր ծիլ են տվել, բերք են դարձել, եւ ես ուղղակի եկել եմ բերքահավաք անելու, եւ անչափ հավատում եմ դրան», - պատկերավորեց Բախշյանը՝ այսպես բացատրելով այս ընտրատարածքում իր առաջադրվելու փաստը եւ բացառելով որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածությունը:

«Չորրոդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը երբ ի սկզբանե լրատվամիջոցներով հայտարարել է թիվ 12 ընտրատարածքում առաջադրվելու ծրագրերի մասին, այստեղ դեռեւս որեւէ ընդդիմադիր թեկնածուի առաջադրման մասին խոսակցություն չի եղել, չի էլ իմացել, որ ընդդիմադիրների առաջադրումներ կլինեն:

Վեզիրյանը Մհեր Սեդրակյանի դեմ չառաջադրվելը այսպես բացատրեց. - «Որովհետեւ ես նախապես ինֆորմացիա ունեի, որ ընդդիմությունը այդ ընտրատարածքը դարձնելու է իր համար առանցքային, ինչպես, օրինակ, Մալաթիա-Սեբաստիայի դեպքում, երբ օլիգարխի դիմաց թեկնածություն է առաջադրում քաղաքական բավականին ազդեցիկ գործիչ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Ինձ թվում էր, որ ստրատեգիական իմաստով դա կարեւոր ընտրատարածք է լինելու ՀԱԿ-ի համար, եւ հնարավոր է իմ առաջադրումով ես որոշակի սցենարներ փոխեի: Բացի այդ չեմ թաքցնում, որ Մհեր Սեդրակյանի հետ իմ հարաբերությունները վատ չեն եղել երբեւե, լավ են եղել: Նրա հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, բայց մենք չենք խոսում ընտրություններից, քաղաքականությունից, խոսում ենք մեր համայնքի խնդիրներից»:

Ընդդիմադիր ուժերը միմյանց դեմ առաջադրվել են հանրապետության 41 ընտրատարածքներից 11-ում: Հինգ ընտրատարածքներում իշխանական թեկնածուներից բացի, առաջադրված են նաեւ ՀԱԿ-ի ու Դաշնակցության մեծամասնական թեկնածուները, 4-ում՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության», երկուսում էլ եւ ՀԱԿ-ը, եւ «Ժառանգություն»-ը, եւ Դաշնակցությունը թեկնածուներ ունեն:

Հարցին, թե որքանո՞վ այս իրավիճակը չի խոչընդոտի ընդդիմադիր ճակատի համախմբմանն ու համագործակցությանը՝ հաշվի առնելով ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարի կոչերը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ որեւէ խնդիր չի տեսնում, կարեւորը, որ համատեղ վերահսկողություն լինի: Ըստ Զուրաբյանի՝ որքան շատ են ընդդիմադիր մեծամասնական թեկնածուները, այնքան ընտրատեղամասերում շատ կլինեն ընդդիմադիր ճամբարի վստահված անձինք, ինչը կարող է նաեւ նպաստել իշխանությունների կեղծիքների դեմ համատեղ պայքարին:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դժվարացավ որեւէ գնահատական տալ՝ ցավով նշելով, որ ընտրատարածքներում մեծամասնական մեկ միասնական թեկնածուով հանդես գալու կոչերը մնացին ձայն բարբառո անապատի:

please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG