Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախաձեռնում է բջջայինների եւ պլանշետների հայաֆիկացման գործընթացը


Հայաստանի կառավարությունը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի առաջիկայում հնարավոր լինի բջջային կարճ հաղորդագրությունները գրել ու կարդալ հայերենով, եւ բացի այդ Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները (պլանշետները), ունենան նաեւ հայերեն մենյու:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, կառավարության առաջարկով հանձնաժողովը ներկայում հատուկ մի զեկույց է պատրաստում, որը ավարտուն տեսք կստանա մոտ երկու ամսից: Զեկույցում ներկայացված են լինելու այն տեխնիկական ու իրավական բնույթի քայլերը, որոնք կառավարության հավանությունը ստանալուց հետո,պետք է իրականացվեն, որպեսզի, հնարավոր լինի լուծել բջջային հեռախոսների եւ պլանշետների հայաֆիկացման խնդիրը:

Սամվել Արաբաջյանը ասաց, որ նախեւառաջ Հայաստանը սահմանելու է հայոց լեզվին, տառաշարերին վերաբերող տեխնիկական ստանդարտներ: Այնուհետեւ դիմելու է Ստանդարտացման եվրոպական կոմիտե, որպեսզի հայկական ստանդարտներն այնտեղ ներառվեն:

«Եվ հաջորդ քայլը արդեն GSMA-ն (Groupe Speciale Mobile Association) է, որի միջոցով պետք է նաեւ առաջարկել, որպեսզի արտադրողները դա ներառեն որպես տառաշար, որովհետեւ Unicode համակարգը ընդամենը մի ստանդարտ է, որը հնարավորություն կտա կարդալու, իսկ ստեղնաշարերը հնարավորություն կտան նաեւ գրելու, ոչ միայն գրելու, այլ ընդհանրապես հայաֆիկացված մենյու ունենալու բջջային հեռախոսների մեջ», - ասաց Արաբաջյանը:

GSMA-ը աշխարհի տասնյակ երիրներում գործող մոտ 800 բջջային օպերատորներ միավորղ միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է 1995 թվականին եւ որի նպատակն է նպաստել աշխարհում GSM տիպի բջջային ցանցի զարգացմանը:

«Հիմա եթե մենք կարողանանք հասնել նրան, որ եվրոպական ստանդարտացման կառույցով եւ GSMA-ով հաստատենք, որ այս հայաստանյան շուկան հայերեն լեզվին աջակցող ծրագրերով ապահովված լինի, որեւէ խնդիր չենք տեսնում, եւ արդեն GSMA-ի որոշման հիման վրա հեռախոսներ արտադրող ընկերությունները կներառեն դրանք, քանի որ այդ բոլոր արտադրողները այդ կառույցի անդներ են եւ ենթարկվում են կառույցի որոշումներին», - ասաց Արաբաջյանը:

Արաբաջյանն ասաց՝ քանի որ հայաստանյան շուկան փոքր է, թերեւս, նպատակահարմար չի լինի բջջային հեռախոսներ եւ դյուրակիր համակարգիչներ արտադրող ընկերություններին որպես պարտադիր պահանջ ներկայացնել այն, որ ԱՊՀ կամ մերձավորարեւելյան շուկայի համար նախատեսված սարքերի ծրագրային ապահովումները ու տառաշարերը լինեն նաեւ հայերենով: Այդ դեպքում նշված ընկերությունները կարող են հրաժարվել պահանջը կատարելուց: Իսկ այդ պարագայում կամ այդ սարքերը օրինական ճանապարով այլեւս չեն կարող ներմուծվել Հայաստան, ու հավանական է, որ կառաջանա սեւ շուկա, կա´մ Հայաստանը պետք է հանի պահանջը: Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կարեւորը GSMA-ի որոշումն է:

Բջջային կապի հայաստայան օպերատորներից «Արմենտել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը ասաց, որ իրենց ցանցը այսօր էլ է պատրաստ ծառայությունները հայերեն լեզվով մատուցելուն: Իսկ «Ղ-տելեկոմ» ընկերությունից փոխանցեցից, որ եթե կայացվի համապատասխան որոշում, ապա իրենք կպարտավորվեն կարճ ժամանակահատվածում վերազինել կարճ հաղորդագրությունների կենտրոնը համապատասխան ծրագրային ապահովմամբ, որպեսզի այն կարողանա հայերենով կարճ հաղորդագրությունների ուղարկել ու ստանալ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոչ արեց կառավարությանը հասնել նրան, որ հայաֆիկացվեն նաեւ ստացիոնար համակարգիչների օպերացիոն համակարգերը եւ համակարգչային հիմնական ծրագրերը:

«Այսօր այնպես են զարգանում տեխնոլոգիաները, որ բավական չէ, որ մենք խոհանոցում, տանը, ընտանիքում զրուցենք հայերեն, անգամ բավական չէ, որ մամուլ լինի կամ գրքեր գրվեն: Միանգամայն անհրաժեշտ է, որ լեզվի հետ կապված գործողությունները, որ մենք տասնյակ անգամներ օրվա ընթացքում անում ենք՝ ստուգում ենք մեր էլեկտրոնային փոստը, պատասխանում ենք նամակներին, սոցիալական ցանցեր ենք մտնում, կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ստանում ենք, ամեն բան պետք է հնարավորություն ունենաս անելու հայերեն, որպեսզի լեզուն մնա կենդանի, եւ դա հնարավորություն տա արդիականացման եւ զարգացման», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG