Մատչելիության հղումներ

Շվեյցարիան կասեցրեց Բաղըշի դեմ գործը


Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշ, արխիվային լուսանկար
Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշ, արխիվային լուսանկար
Շվեյցարիան կայացրեց «միակ ճիշտ որոշումը», այսպես է Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար էգեմեն Բաղըշը մեկնաբանել իր դեմ սկսված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Ցյուրիխի դատախազության որոշումը։

Թուրք նախարարը Շվեյցարիայի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել տարեսկզբին, երբ Դավոսի համաժողովում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանությունն ու մարտահրավեր նետել Շվեյցարիայի իշխանություններին։ «Այս երկրում ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ է սահմանված, ես էլ ասում եմ` ցեղասպանություն չի եղել, թող գան, ինձ ձերբակալեն», - հայտարարել էր Բաղըշը։

Դատախազությունը անմիջապես քննություն էր սկսել, որը, սակայն, այս շաբաթասկզբին կասեցրեց` թուրք նախարարի դիվանագիտական անձեռնմխելիության պատճառաբանությամբ։

«Արտգործնախարարության հետ խորհրդակցություններից հետո որոշվեց, որ Բաղըշի դեմ քրեական մեղադրանքներ չեն կարող ներկայացվել», - հայտարարել է Ցյուրիխի դատախազությունը։

«Այդ որոշմամբ Շվեյցարիան նախ եւ առաջ փրկեց իր վարկանիշը», - այժմ պնդում է Էգեմեն Բաղըշը` ընդգծելով, որ ինքն անձամբ երբեք էլ ուշադրություն չի դարձրել իր դեմ սկսված քննությանը։ «Ես ընդամենը Շվեյցարիայում ասացի այն, ինչ, վստահ եմ, կասի Թուրքիայի 75 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրը», - ասել է նախարարը։

Ավելի վաղ Շվեյցարիայի դատախազության որոշումը հատուկ հայտարարությամբ ողջունել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը` այն որակելով որպես «բանականության ու խոսքի ազատության հաղթանակ»։

Թուրքական մամուլը, անդրադառնալով թեմային, միաժամանակ փաստում է, որ Բաղըշից առաջ Թուրքիայի մի շարք քաղաքացիներ, այդուամենայնիվ, այս քայլի համար պատժվել են Շվեյցարիայի իշխանությունների կողմից, այդ թվում` քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը, ով 2007-ին 3 հազար ֆրանկ տուգանք էր վճարել` Շվեյցարիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG