Մատչելիության հղումներ

Կիպրոսը աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ երեքշաբթի երեկոյան ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր Եվրամիությանն առնչվող հարցերի վերաբերյալ համագործակցության մասին։

Կիպրոսի արտգործնախարարը սա նշանակալի քայլ համարեց։

«Մենք լիովին աջակցում ենք Հայաստանի եվրոպական ձգտումներին եւ հավանություն ենք տալիս Հայաստանի եվրոպական ընտրությանը», - հայտարարեց Կոզակու-Մարկուլիսը` շարունակելով. - «Որպես Եվրամիության անդամ եւ ապագայում Եվրոպական միության խորհրդի նախագահող երկրի արտգործնախարար` ես ուզում եմ, որպեսզի իմ գործընկերները, պաշտոնյաներն ու հայ ժողովուրդը իմանան` իրենք լավ ընկեր, հավատարիմ աջակից ունեն Եվրոպական միությունում։ Մենք ամեն ինչ կանենք` նպաստելու համար Հայաստանի եվրոպական ընտրությանը»։

Նախատեսվում է, որ այսօր Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի արտգործնախարարը խոստովանեց, որ դա սոսկ պարտականություն չէ։

«Ես միշտ սպասել եմ այս պահին, որպեսզի իմ հարգանքի տուրքը մատուցեմ ամբողջ հայ ժողովրդին։ Իմ այցը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր պարտականություն է, բայցեւ խոստում, որ տվել եմ Կիպրոսի հայկական համայնքին», - ասաց Կոզակու-Մարկուլիսը։

Կիպրոսի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ Թուրքիայի այն հայտարարությանը, թե պաշտոնական Անկարան կսառեցնի հարաբերությունները Եվրոպական միության հետ, եթե Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնի իր կողմից չճանաչված Կիպրոսի Հանրապետությունը։

«Եթե Թուրքիան որոշի չհամագործակցել նախագահող երկրի հետ, կարծում եմ, վնաս կհասցնի Եվրոպական միությանն անդամակցելու իր հեռանկարին։ Սա, միանշանակ, [Եվրամիության անդամության] թեկնածու երկրին հարիր պահվածք չէ», - հայտարարեց Կիպրոսի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG