Մատչելիության հղումներ

Քաղաքային իշխանությունները չարձագանքեցին ապամոնտաժող բրիգադին


Armenia - Police officers guard kiosks built in Yerevan's Mashtots Park, 13Mar2012.
Armenia - Police officers guard kiosks built in Yerevan's Mashtots Park, 13Mar2012.
Երեքշաբթի կեսօրին լրացավ եռօրյա ժամկետը, որը Մաշտոցի այգու կրպակներն ապամոնտաժելու համար ստեղված բրիգադի անդամները տվել էին քաղաքային իշխանություններին, որպեսզի լիազորված ներկայացուցիչները այգի գային եւ հանրությանը բացատրություններ տային ակտիվիստների որակմամբ՝ ինքնակամ շինությունների վերաբերյալ:

Չստանալով որեւէ արձագանք՝ բրիգադի անդամներն այսօր փակ հավաք են անցկացրել՝ իրենց հետագա անելիքները քննարկելու համար: Հանդիպումից «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ փոխանցեց կինոռեժիսոր Տիրգրան Խզմալյանը:

«Շատ քիչ բան կարող եմ ասել. մենք որոշեցինք մամուլին չզգուշացնել, որովհետեւ մեր հակառակորդները մեզ անընդհատ մեղադրում են, որ դա շոու է: Մենք վաղը կեսօրին որոշ բաներ անելու ենք, բայց պաշտոնապես ոչ մի հայտարարություն չենք անելու», - ասաց Խզմալյանը:

Հարցին, թե արդյո՞ք իրավիճակը փակուղի չի մտել, Տիգրան Խզմալյանն արձագանքեց, թե իշխանություններն են հայտնվել փակուղում, մինչդեռ իրենք մեկ առ մեկ մշակել են հետագա բոլոր քայլերը: Կինոռեժիսորի փոխանցմամբ՝ ոստիկաններն էլ իրենց հերթին էին ժամանակ խնդրել ապամոնտաժող բրիգադից, որպեսզի վերադասի հետ քննարկեն ապամոնտաժողների ներկայացրած պահանջները:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադաձել է ապամոնտաժող բրիգադից իրեն ուղղված նամակներին, որոնց հեղինակները պահանջում են ոստիկանապետից ապահովել իրենց ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

«Բաց նամակով ինձ դիմելու պայմաններում ես չեմ թույլ տալիս մոնտաժել, թե ապամոնտաժել: Գոյություն ունի օրենք, ես պահում եմ օրենքը: Չէ՞ որ մեզանից տարիներ շարունակ պահանջում են օրենքի գերիշխանություն: Այժմ գործում է օրենքի գերիշխանություն», - ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք՝ արվեստագետներից եւ գիտնականներից կազմված բրիգադը բանվորական հագուստներով, ապամոնտաժման գործիքները ձեռքներին ամեն օր գալիս են այգի, շրջում են կրպակ առ կրպակ, փորձելով ոստիկանական վերահսկողությունից ազատ հատված գտնել, որպեսզի մուտք գործեն կրպակների տարածքներ եւ ապամոնտաժեն դրանք: Իսկ վահաններով զինված ոստիկանները, ովքեր շուրջօրյա հերթապահում են կրպակների մոտ, հսկում են ապամոնտաժող բրիգադի ամեն մի քայլը՝ թույլ չտալով անգամ արգելապատնեշներին մոտենալ:

Վլադիմիր Գասպարյանը բրիգադի գործողությունները գեղեցիկ, միեւնույն ժամանակ զվարճալի գնահատեց:

«Ես իրենց ցանկությունը հարգում եմ, ես էլ Երեւանի բնակիչ եմ, բայց գոյություն ունի օրենք, եկեք ամեն ինչ լուծենք օրենսդրական դաշտում: Ես կարծում եմ, որ կամաց-կամաց ամեն ինչ կընկի իր տեղը, միմյանց կհասնականք», - ասաց Գասպարյանը:

Այգում հերթապահող երիտասարդ ակտիվիստները իրենց հերթին բաց նամակով դիմել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին՝ դժգոհելով, թե կառույցը ոչ միայն համարժեք չի գնահատել եւ չի դատապարտել տեղի ունեցած մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները, այլեւ փորձում է արդարացնել ոստիկանության անօրինականությունները:

Մաշտոցի այգում շարունակվում է շուրջօրյա նստացույցը: Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի հորդորներին, ոստիկանությունը թույլ չի տալիս մեկ վրան տեղադրել: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ այս հարցով պաշտոնական գրությամբ դիմելու է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Ես Մաշտոցի պուրակում խոսել եմ ոստիկանապետի տեղակալի հետ, որ ամենաբարձրաստիճան սպան էր այդ միջադեպի ընթացքում: Նա հայտնել է, որ դա իր անձնական որոշումն է, հիմա մենք իրավական որոշակի գործընթաց ենք սկսել, թե ինչ հետեւանքներ պետք է կրի սպայի նման որոշումը», - փոխանցեց օմբուդսմենը:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG