Մատչելիության հղումներ

Ռասմուսեն. «Վրաստանը կանդամակցի ՆԱՏO-ին»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ
Բրյուսելում շարունակում են պնդել, որ վաղ թե ուշ Վրաստանը անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Դաշինքի այս մոտեցումն այսօր մեկ անգամ եւս վերահաստատեց կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին:

«2008 թվականի Բուխարեստի գագաթաժողովի ընթացքում մենք հստակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք առ այն, որ Վրաստանը դաշինքի անդամ է դառնալու: Մենք հավատարիմ ենք այդ որոշմանը», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հատուկ ընդգծելով, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեկ անգամ եւս կընդգծեն իրենց այս մոտեցումն արդեն Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում:

«Մինչեւ այս տարեվերջ Վրաստանը կդառնա Աֆղանստանում իրականացվող գործողություններին մասնակցող, բայց ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշորագույն պետությունը: Վրացական զորքերն Աֆղանստանում բարդագույն պայմաններում շատ լուրջ խնդիրներ են կատարում ՆԱՏՕ ի զինծառայողների հետ կողք կողքի», - նշեց Ռասմուսենը:

Պաշտոնական Թբիլիսին տարեցտարի մեծացնում է Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի թվաքանակը՝ հասցնելով այն 900 հոգու: 2010 թվականից ի վեր Աֆղանստանում տեղակայված վրացական զորախումբը 15 զոհ է տվել եւ 38 վիրավոր:

«Մենք գիտենք ինչ գին ենք վճարում: Մենք հասկանում ենք նաեւ, որ դա մեզ ավելի է մերձեցնում ՆԱՏՕ-ի հետ։ Դա նաեւ համահունչ է վրացական պատմության հետ, երբ դարեր շարունակ Վրաստանը միշտ արեւմտյան քաղաքակրթության կողքին էր, այսօր էլ միջազգային դեմոկրատական հանրության հետ», - ասաց Սահակաշվիլին:

Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից այսօր հստակ հավաստիացումներ է ստացել, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

«Դաշինքը չի ճանաչում Վրաստանի մաս հանդիսացող Հարավային Oսիայում եւ Աբխազիայում վերջերս կայացած ընտրությունները: Դրանց անցկացումը չի նպաստում Վրաստանում առկա խնդիրների խաղաղ եւ հարատեւ լուծմանը», - նշեց Ռասմուսենը:

Բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ի անդամ պետություններին Վրաստան ուղարկել ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ դիտորդական առաքելություններ, որոնք կհամոզվեն, որ ընտրական գործընթացը թափանցիկ է եւ կանխատեսելի: Դիտորդների գործունեությունը նաեւ թույլ կտա մեզ խուսափել տհաճ անակնկալներից ու ճնշումներից, որոնք կարող են բանեցնել տարբեր ոչ կառուցողական ուժեր», - հայտարարեց Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG