Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-բուլղարական առեւտրատնտեսական կապերը


Հայաստանն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Այդ նպատակով հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանից կառավարական պատվիրակություն կմեկնի Սոֆիա՝ կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվածություններ կայացնելու համար:

Այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Հայաստանի կառավարության շենքում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

Բուլղարիայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով երեկ է ժամանել Հայաստան: Բոյկո Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:

«Մենք ունենք համագործակցության դարավոր պատմություն, խորը արմատներ, բայց այսօր վարչապետի հետ արձանագրեցինք, որ, ցավոք սրտի, տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում եւ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել այդ հարաբերություններին», - նշեց Հայաստանի վարչապետը։

Տիգրան Սարգսյանն այնուհետեւ մանրամասնեց, թե այս փուլում խոսքը գնում է զբոսաշրջության, դեղագործության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին, ու այդ նպատակով առաջիկայում Բուլղարիայում պետք է կազմակերպվի հայ-բուլղարական բիզնես-ֆորում:

Ներկայումս, հայ-բուլղարական առեւտրաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ այսօր կառավարության շենքում կայացած բանակցություններից հետո, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստորագրվեց սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր, բացի այդ` Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ու Սոֆիայի համալսարանի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Օրվա ընթացքում Բուլղարիայի վարչապետին ընդունել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Այսօրվա ասուլիսում Բոյկո Բորիսովն իր խոսքում տեղեկացրեց, թե սուրբ Կլիմենտ Օխրիդյանի անվան Սոֆիայի համալսարանում, որը Բուլղարիայի ամենահին բուհն է, տարիներ է, ինչ հայագիտության գծով մասնագետներ են պատրաստում, իսկ հայոց պատմությունը բուլղարերեն լեզվով վերջին տարիներին երեք հրատարակություն է ունեցել:

«Ես կցանկանայի նշել, որ Հայաստանը հանդիսանում է Բուլղարիայի սեւծովյան հարեւանը, բացի այդ Հայաստանի իշխող կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության ասոցացված անդամ է, եւ, կարծում եմ, սա մեծ նշանակություն ունի ձեր երկրի եվրաինտեգրման գործում: Գտնում եմ, որ հարկավոր է գործնական մոտեցում ցուցաբերել մեր երկրների միջեւ առկա բիզնես-կապերին, եւ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո մենք պատրաստ ենք մեզ մոտ ընդունել հայկական կառավարական պատվիրակությանը եւ անցկացնել բիզնես-ֆորում` հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ, որ Բուլղարիան Հայաստանի համար յուրատեսակ մի կամուրջ է` դեպի Եվրոպա», - նշեց Բոյկո Բորիսովը։

please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG