Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «արհեստական» է համարում ընտրացուցակների շուրջ մտահոգությունները


Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «արհեստական» է համարում այն իրարանցումը, որն ընդդիմությունը բարձրացրել է ընտրացուցակների հետ կապված: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով` մտահոգվելու մեծ առիթ չկա, քանի որ ընտրական ցուցակները հրապարակային են եւ հրապարակվել են հենց այն նպատակով, որ ի հայտ եկած անճշտությունները պատկան մարմինները վերացնեն:

Հիշեցնենք` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը անցած շաբաթ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, որ առաջիկա ընտրությունների կեղծման գլխավոր ռեսուրս է համարում «չարաբաստիկ ընտրացուցակները» եւ դրանցում Հայաստանից մշտապես բացակայող քաղաքացիների անունների ընդգրկումը: Ըստ առաջին նախագահի` ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիներից 700 հազարը Հայաստանից մշտապես բացակայում են:

Մինչդեռ իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` երբ իրենք ասում են, որ պետք է ժողովրդավարական ընտրություններ լինեն, ապա դրա մեջ նախ եւ առաջ մտնում են նաեւ ընտրացուցակները: Ըստ նրա` ամեն ինչ արվելու է, որպեսզի ընտրությունների օրը ունենանք ընդունելի ընտրացուցակներ: Հարցին, թե ինչո՞վ են բացատրում այն հանգամանքը, որ նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը զգալիորեն ավելացել է (պաշտոնական տվյալներով` 359 հազարով), Շարմազանովն ասաց, թե գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ 90-ականներին ծնվածների թիվը ավելի շատ է եղել, քան մահացածներին, եւ նախորդ ընտրությունների համեմատը ավելացել է ընտրելու իրավունք ունեցող 18 տարեկան քաղաքացիների թիվը: Նկատենք, սակայն, որ պաշտոնական տվյալներով` նախորդ ընտրությունների համեմատ այս տարի ընտրելու իրավունք ունեցող 18 տարեկանների թիվն ավելացել է 185 հազարով:

«Դուք կարող եք ասել, որ կան մարդիկ, որոնք գաղթել են կամ Հայաստանում չեն, բայց բազմաթիվ մարդիկ կամ մեծամասնությունը, ովքեր Հայաստանից գնում են, օրինակ, արտագնա աշխատանքի, Հայաստանի քաղաքացիությունից չեն հրաժարվել», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «Արհեստական եմ համարում այն աժիոտաժը, որ բարձրացրեցին մեր ընդդիմադիր ընկերները: Իշխանությունը բացառելու է ցանկացած հակաժողովրդավարական, հակաօրինական դրսեւորում ընտրությունների, ընտրությունների նախապատրաստման ժամանակ եւ հետո»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի` ընտրացուցակների վերաբերյալ արտահայտած մտահոգություններին` Շարմազանովն ասաց. - «Ընտրությունները մոտենում են, մարդ է, պետք է մի բան գտնի քննադատելու, քննադատում է: Իսկ բոլոր նրանք, ովքեր նպատակ ունենք ոչ թե մտահոգվելու կամ սխալները վեր հանելու, այլ ցեխ շպրտելու, բնականաբար, նրանց այդքան լուրջ չեն վերաբերվում: Հիմա ես չեմ ուզում սեւեռվել կոնկրետ առաջին նախագահի անձի կամ նրա հայտարարությունների վրա: Պարզից էլ պարզ է, որ նրա թիմը պատրաստվում է պառլամենտական ընտրություններին, եւ նրանք այս շրջանում պետք է ամեն ինչ անեն, որ ավելի դուր գան հասարակությանը»:

Չնայած ՀՀԿ-ի այս հայտարարություններին, իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) այս օրերին մանրամասն ստուգում է ընտրացուցակները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, այս ստուգումներից հետ ԲՀԿ-ն կասի, թե որքանով են մտահոգիչ ընտրացուցակները:

«Հրապարակված ընտրացուցակները շատ հարցերի տեղիք տվեցին եւ, բնականաբար, հանձնարարականներ են իջեցված մեր կուսակցական տեղական կառույցների ակտիվին, որպեսզի ճշտվեն ընտրացուցակներում տեղ գտած բոլոր անունները: Միայն կոնկրետ փաստեր ունենալու դեպքում մենք մեր վերջնական գնահատականը եւ կարծիքը կասենք», - ասաց Գալստյանը` հավելելով, որ վերջնական արդյունքները հայտնի կդառնան մոտ օրերս:

please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG