Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Երեւան


Այս օրերին լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը։

Հոբելյանների առիթով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Հարավային Կովկաս։

Առաջին այցը նա այսօր կատարելու է Երեւան, որտեղ կմնա մինչեւ վաղը։

Հայաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի եւ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։

Վաղը Սերգեյ Լավրովը կուղեւորվի Բաքու, որտեղ նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասի-Զադեի, Միլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այս օրերին նշվել է եւս մեկ քսանամյակ` 1992 թվականի մարտի 24-ին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ), որը հետագայում անվանել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ), առաջարկել է անցկացնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման խորհրդաժողով։

Այն պետք է գումարվեր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ու թեպետ նման միջոցառում այդպես էլ տեղի չի ունեցել` 1992 թվականից ի վեր քաղաքական մամուլում եւ տարատեսակ փաստաթղթերում միջնորդների թիմն անվանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խումբ։

Դրա քսանամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած երկուշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւին, Բարաք Օբամային եւ Նիկոլա Սարկոզիին:

Ընդգծելով, որ գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռեւս իրագործված չէ, Հայաստանի նախագահը նշել է, որ «անհնարին է գերագնահատել Մինսկի խմբի վիթխարի աշխատանքը կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման եւ խաղաղության պահպանման համար»:

Մինսկի խմբի քսանամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն էին տարածել նաեւ համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները` Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնն ու Ալեն Ժյուպեն։ Նրանք կողմերին կոչ են արել դրսեւորել խնդրի կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական կամք։

Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրների փոխանցմամբ, Երեւան եւ Բաքու կատարած այցերի ընթացքում Սերգեյ Լավրովը քննարկելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG