Մատչելիության հղումներ

Ութ կուսակցությունները եւ մեկ դաշինքը գրանցվեցին


ԿԸՀ-ի շենքը
ԿԸՀ-ի շենքը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը կայացած նիստում գրանցեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցությունները եւ մեկ դաշինքը:

Ըստ այդմ, համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցեն (այբբենական կարգով) «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Միավորված հայեր», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Խաչատուր Սուքիասյանին չգրանցեց նաեւ ԿԸՀ-ն

ԿԸՀ-ն չգրանցեց Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում. հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ՝ նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, քանի որ չի հանդիսանում վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձ:

Հիշեցնենք` Անձնագրային եւ վիզաների վարչությունը նախ մարտի 6-ին տրամադրել էր տեղեկանք, ըստ որի Խաչատուր Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, բայց 9 օր հետո, վարչությունը երկրորդ գրությամբ նշել էր, թե Խաչատուր Սուքիասյանը չի հանդիսանում վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող անձ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը պատճառաբանեց Անձնագրային եւ վիզաների վարչության տրամադրած երկրորդ տեղեկանքի հանգամանքով:

Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում է եռօրյա ժամկետում բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մերժումը: Ավելի վաղ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով չէր գրանցել նաեւ թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը: Այդ որոշման դեմ Խաչատուր Սուքիասյանի բողոքը դատարանն արդեն ընդունել է վարույթ:

Խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների համամասնական ցուցակները գրանցվեցին` նկատի ունենալով դրանցում ընդգրկված անձանցից 7-ի ինքնաբացարկի դիմումները:

Ինքնաբացարկ ներկայացրածներից երկուսը մարզպետներ են` «Բարգավաճ Հայաստան»-ից Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

Մերժվեց ՀԱԿ-ի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը մերժեց Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի դիմումը, որտեղ նշված է, որ դեռ նախընտրական քարոզչությունը չսկսված՝ Հանրապետական կուսակցությունը «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ կազմավորել է ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից ընդունված կարգախոսը»։

Զուրաբյանը ԿԸՀ-ին միջնորդել էր պարտավորեցնել, որ ՀՀԿ-ն վերացնի այդ խախտումը, այլապես Հայ ազգային կոնգրեսը կդիմի դատարան՝ ընտրախախտումը վերացնելու նպատակով:

ԿԸՀ-ի նախագահ Մուկուչյանն ասաց, որ դիմումը գրվել է այն պահին՝ մարտի 30-ին, երբ Հանրապետականը, ի թիվս մյուս կուսակցությունների, դեռեւս գրանցված չի եղել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու նպատակով: Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն առարկություն չներկայացրեց, եւ, այդպիսով, հանձնաժողովը մերժեց Հայ ազգային կոնգրեսի դիմումը:

please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG