Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Հերյուրանքներին չենք լսում, չենք էլ հավատում»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար

ԲՀԿ-ի առաջնորդը այդպես արձագանքեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հարցին։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ փոխանցեց նախօրեին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների` մարտի 30-ին ժամը 13-ի սահմաններում Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասում երկու խումբ երիտասարդների միջեւ տեղի է ունեցել վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Վեճն ու ծեծկռտուքը այդ թաղամասում Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների համար ձայներ հավաքող երիտասարդների միջեւ է եղել։ Ըստ նույն տեղեկությունների` հնչել են նաեւ կրակոցներ։ Շրջանառվող լուրերի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել այդ թաղամասում թաղային երկու հեղինակությունների միջեւ, ովքեր աշխատել են` մեկը` ՀՀԿ-ի, մյուսը` ԲՀԿ-ի համար։ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքողը թաղում հայտնի է «Տանկ» մականունով, իսկ ԲՀԿ-ի համար ձայն հավաքողը` «Շեկո» մականունով։

Թաղամասը ընդգրկում է թիվ 34 ընտրատարածքը, որտեղ ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուն Արման Սահակյանն է, ով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն է, իսկ ԲՀԿ-ի թեկնածուն` գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Մսի կոմբինատ թաղամասում, այլ Ռեպինի փողոցում գտնվող սպորտդպրոցում, որի տնօրենն էլ «Տանկ» մականունով Հովհաննես Մկրտչյանն է։

Ըստ մարզի ոստիկանապետի` «Շեկո» մականունով Արտյոմ Կարապետյանը եւ եւս երկու հոգի հենց սպորտդպրոցում իր սենյակում ծեծի են ենթարկել Մկրտչյանին։ Կարապետյանը հիմա փախուստի մեջ է։

Կրակոցների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նշեց Կարեն Բաբակեխյանը` միաժամանակ հավելելով, որ կալանավորվածներ եւս չկան։

Արդյոք միջադեպը քաղաքակա՞ն, թե՞ անձնական հողի վրա է տեղի ունեցել` Բաբակեխյանը ոչ մեկը, ոչ էլ մյուսը ոչ հաստատեց եւ ոչ էլ բացառեց։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը Գյումրի էր այցելել Օլիմպիական կոմիտեի մարզային մասնաճյուղի բացման կապակցությամբ։

Քաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցերին Ծառուկյանը արձագանքեց. - «Ի՞նչ կրակոց։ Դու գիտե՞ս այդպիսի բան, տեսե՞լ ես։ Բա որ չես տեսել` տենց հերյուրանքներին դուք ո՞նց եք հավատում։ Ոստիկանությունը այդպիսի փա՞ստ ա ասում` դե գնացեք ոստիկանությունից ճշտեք։ Մենք զբաղվում ենք այսօր, տեսնում ես, միջոցառմամբ` խաղաղ, տեղը տեղին, կազմակերպված, նախապատրաստվում ենք քարոզարշավի` մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Հերյուրանքներին մենք չենք լսում, չենք էլ հավատում»։

Առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի շանսերի վերաբերյալ հարցին կուսակցության առաջնորդը պատասխանեց. - «Շանսերը հարկավոր է սովորական մեր ժողովրդին, ընտրողներին հարցնես, ու ընտրողները քեզ պատասխանը կտան։ Թե չէ ամեն մի քաղաքական գործիչ ինքնագովազդով է զբաղվում, որ իրենք ամենալավն են։ Ամենաճիշտ` քաղաքական գործչի, կուսակցության գնահատականը տալիս ա հանրությունը եւ ժողովուրդը։ Իրենց հարցրեք»։

Մի քանի րոպե Օլիմպիական կոմիտեի մարզային մասնաճյուղում մնալուց հետո Գագիկ Ծառուկյանը թիկնազորի ուղեկցությամբ հեռացավ։

Կուսակցության առաջնորդին ուղեկցում էր թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ում հետ զրուցել չհաջողվեց. պատճառաբանելով, թե իր ղեկավարը գնում է, նա շատ արագ հեռացավ։

Թիվ 34 ընտարատածքում լարված ընտրապայքար է կանխատեսվում ԲՀԿ-ական ու հանրապետական թեկնածուների միջեւ։

Ըստ շրջանառվող լուրերի` «Տանկ» մականունով Հովհաննես Մկրտչյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի ընկերներից է, իսկ հանրապետական քաղաքապետը սատարում է ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին։

Պատգամավորության հանրապետական թեկնածուի մամուլի պատասխանատու Աննա Թադեւոսյանը ուրբաթ օրվա միջադեպի մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Այդ բոլոր վարկածները մենք կարդացել ենք առավոտյան մամուլում, եւ մինչեւ այժմ մեր գրասենյակում ամեն ինչ խաղաղ է` մեր բոլոր գրասենյակներում։ Ոչ մի բան մենք չգիտենք, եւ չգիտենք` ով ում հետ են պայքարել, եւ մամուլում նշված անձանց մենք չենք ճանաչում»։

«Այսինքն, այն անձը, որը նշվում է որպես Հանրապետականի կողմից քվե հավաքող, ձեր գրասենյակի հետ կապ չունի՞», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Թադեւոսյանը պատասխանեց. - «Չէ, մեր գրասենյակի հետ կապ չունի։ Մամուլում նշված է, որ նրանք քաղաքապետի կողմնակիցներն են»։

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG