Մատչելիության հղումներ

ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարները ապրիլի 13-ից փոփոխվում են


ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում
ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում
Այս տարվա ապրիլի 13-ից Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ոչ ներգաղթային արտոնագրերի եւ սահմանահատման քարտերի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչդեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարները կնվազեցվեն:

Ըստ այդմ, զբոսաշրջության, բիզնեսի, տրանզիտի, անձնակազմի անդամի, ուսանողական, փոխանակման ծրագրի այցելուի եւ լրագրողների համար նախատեսված արտոնագրերի միջնորդավճարների սակագները նախկին 140 դոլարի փոխարեն կդառնան 160 դոլար, միջնորդագրի վրա հիմնված արտոնագրերինը (H, L, O, P, Q, եւ R)` 150-ից` 190, պայմանագրային հիմունքներով ներդրողների եւ առեւտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրերինը (E)` 390-ից` 270, հարսնացուների/փեսացուների համար նախատեսված արտոնագրերինը (K)` 350-ից` 240, սահմանահատման քարտերինը (15 տարեկան եւ բարձր)` 140-ից` 160, սահմանահատման քարտերինը (15 տարեկանից ցածր)` 14-ից` 15 դոլար։

Վերոթվարկյալները ոչ ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներն են։ Դեսպանատունը ընդգծում է, որ չնայած հիմնականում ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարների ավելացմանը` E եւ K արտոնագրերի միջնորդավճարները կնվազեցվեն:

Ինչ վերաբերում է ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներին, ապա ընտանիքի անմիջական եւ ոչ անմիջական անդամների համար դիմումների միջնորդավճարները նախկին 330 դոլարից կնվազեցվեն 230-ի, աշխատանքային միջնորդագրերի հիման վրա դիմումներինը` 720-ից` 405-ի, այլ ներգաղթային արտոնագրերի դիմումներինը` 305-ից` 220-ի, բազմազանության վիճակախաղի արտոնագրերի դիմումներինը` 440-ից` 330-ի, վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի ճշտմանը` 380-ից` 275-ի։

Նշված սակագները ուժի մեջ կմտնեն 15 օրից:

«Պետքարտուղարությունը հնարավորության սահմաններում պետք է կարողանա միջնորդավճարների հավաքագրման միջոցով վերականգնել արտոնագրերի ձեւակերպման համար ծախսված միջոցները: Ներկա պահին գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձեւակերպման համար ծախսված միջոցները», - միջնորդավճարների փոփոխությունը պարզաբանում է ամերիկյան դեսպանատունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG