Պաշտոնական Մոսկվան հետեւողականորեն շարունակում է խոչընդոտել իշխանությունների համար անհաճո լրատվություն տարածող մամուլի գործունեությունը։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, որը պարբերաբար եթեր է հեռարձակում Վլադիմիր Պուտինի հասցեին խիստ քննադատություն պարունակող ռեպորտաժներ եւ ամբիոն է տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, տեսանելի ապագայում, հավանաբար, կկորցնի Ռուսաստանում անկախ ռադիոկայանի իր համբավը։
«Էխո Մոսկվի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի խորհուրդը հինգշաբթի օրը քվեարկությամբ ընդունել է նույնանուն ռադիոկայանի տնօրենների խորհրդի լիազորությունները դադարեցնելու որոշում։
Նույն օրն իսկ ձեւավորվել է նոր խորհուրդ, ինչի մասին Twitter-ում տեղեկացրել է բաժնետերերից մեկը` գլխավոր խմբագրի տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեեւը։
«Ընտրվել է «Էխո»-ի տնօրենների նոր խորհուրդ, դրանում այլեւս չկանք ոչ ես, ոչ Ալեքսեյ Վենեդիկտովը, ոչ էլ Եվգենի Յասինն ու Ալեքսանդր Մակովսկին. այսպիսով, տնօրենների խորհրդում լրագրող չի մնացել», - հայտնել է Վարֆոլոմեեւը եւ ավելացրել. - «Իմ եզրակացությունն այս է` իրադարձությունները տխրեցնում են, սակայն դրանք լրագրողների համար բնավ չպետք է դառնան սպիտակ դրոշ պարզելու առիթ։ Ի՞նչ խուճապ է, եթերից մեզ դեռ չեն զրկել, ես հեռանալու մտադրություն չունեմ»։
«Էխո»-ն «հնազանդ» լրատվամիջոց դարձնելու փորձերը սկսվել են հեռավոր 2000 թվականին, երբ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել։ Այն տարիներից էլ Կրեմլը նախ փորձել է «լեզու գտնել» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ, ապա, երբ դա չի հաջողվել, չինովնիկները սկսել են բյուրոկրատական տարատեսակ հնարքներ կիրառել ռադիոկայանի դեմ` հատկապես նախընտրական ժամանակաշրջաններում։
Կայանը պարզապես փակել չէին կարող, քանի որ դա կլիներ մամուլի ազատությունը ոտնահարելու աղաղակող քայլ։ Եվ, որպես կանոն, ընտրություններից հետո «Էխո Մոսկվի»-ն համեմատաբար ազատ է աշխատել, սակայն 2012-ին այլ իրավիճակ է։
«Գազպրոմ-Մեդիա»-ն, որին պատկանում է «Էխո Մոսկվի»-ի բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթը, անցյալ տարեվերջին պահանջել էր փոխել տնօրենների խորհրդի կազմը։
«Գազպրոմ-Մեդիա»-ն հավաստիացրել էր, թե կադրային փոփոխություններ չեն լինի, եւ գլխավոր խմբագիրն էլ կշարունակի աշխատանքը։ Ավելին, «Գազպրոմ-Մեդիա»-ն հայտնել էր, թե տնօրենների խորհրդին չի պարտադրի փոխել խմբագրական քաղաքականությունը։
«Էխո Մոսկվի»-ն շուրջօրյա հեռարձակում ունի։ Այդ փակ բաժնետիրական ընկերության արժեթղթերի 66 տոկոսը «Գազպրոմ-Մեդիա»-ինն է, 34 տոկոսն էլ` լրագրողներինը, ընդ որում` դրա 18 տոկոսի սեփականատերը գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն է, ով ժամանակին մերժել է նախագահական ընտրությունների շրջանում իր վստահված անձը դառնալու Պուտինի առաջարկը։
Ենթադրվում է, որ Վենեդիկտովը «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի պաշտոնում կմնա առնվազն մինչեւ 2014 թվականը։
«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհրդում լրագրող չմնաց

«Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը հինգշաբթի օրը ձեւավորեց ռադիոկայանի տնօրենների նոր խորհուրդ։
Ուղիղ հեռարձակում