Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կընդլայնվի


Հայաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյան (ձ) եւ Լեոն Փանեթա, մարտի 23, 2012
Հայաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյան (ձ) եւ Լեոն Փանեթա, մարտի 23, 2012
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ, հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն առաջիկայում ընդլայնվելու է:

Նման համոզմունք Հայաստանի պաշտպանության նախարարը հայտնեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր աշխատանքային այցի արդյունքներին:

«Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը այսօր բնականոն ընթացքի մեջ է, կարելի է ասել նաեւ՝ կատարելագործման փուլում է եւ տարեցտարի ընդլայնվում է՝ հատկապես աջակցություն բարեփոխումների իրականացմանը, փորձագիտական աջակցություն բոլոր խնդիրներում, եւ այդ առում ես իմ շնորհակալական խոսքը ասացի: Մենք ընդլայնում իրականացնելու ենք գործող ծրագրերի շրջանակներում», - ասաց նախարարը:

Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներ էր մեկնել անցած շաբաթ: Այցի շրջանակներում Օհանյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լեոն Փանեթայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեյվիդ Փեթրեուսի, պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄըքՄիլանի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շափիրոյի հետ:

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել էին պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Լեոն Փանեթան ողջունել էր պաշտպանական բնագավառում Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ հաստատել է այս ուղղությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությանն աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, ինչպես նաեւ շնորհակալություն էր հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններին Հայաստանի նշանակալից աջակցության համար:

Նշենք նաեւ, որ Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ էր ունեցել նաեւ ԱՄՆ Կանզաս նահանգում՝ նահանգապետ Սեմ Բրաունբեքի, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի հետ:

«Մենք համագործակցության շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ունեցանք պաշտպանության նախարարության ղեկավարության հետ՝ հանձինս քարտուղարի, եւ Կենտրոնական հետախուզության գլխավոր վարչության պետի հետ զրուցեցինք ընդհանուր առմամբ մեր համագործակցության կետերի շուրջ, որոնք իրենց մեջ պարունակում են առաջին հերթին մարդկային ռեսուրսների կառավարում, ռազմական կրթություն, սերժանտական համակարգի ներդրում եւ նաեւ մարդասիրական խնդիրներ՝ խաղաղապահություն, ականազերծման խնդիրներ եւ նաեւ անդրադարձանք տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Ընդհանուր առմամբ քննարկվեց այն իրողությունը, որ գոյություն ունի այսօր մեր տարածաշրջանում, հակամարտության խնդիրները եւ մենք եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ բոլորս էլ կողմնակից ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», - ասաց Օհանյանը՝ հավելելով. - «Ռազմակրթական ոլորտում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ավելացվեն մեր սպաների, ուսանողների, ունկնդիրների տեղերը սովորելու համար հատկապես հրամանատարաշտաբային օղակի դասընթացներում եւ նաեւ խաղաղապահության ոլորտում պայամանավորվածություն ձեռք բերվեց ֆինանսավորման հետ կապված հարցերում»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից, պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ համագործակցությունը սկիզբ է առել 2002 թվականից, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները որոշեց ակտիվ ռազմական համագործակցություն սկսել նաեւ հարավկովկասյան երկրների հետ:

Նշված համագործակցության շրջանակներում խորհրդատվական ու ծանոթացման այցերից, սեմինարներից, դասընթացներից, զորավարժություններից եւ համաժողովներից բացի, ԱՄՆ կողմից իրականցվում է նաեւ երկու ծրագիր` «Միջազգային ռազմական ֆինանսավորում» (FMF) ու «Միջազգային ռազմական կրթություն եւ վարժանք» (IMET): Այս երկու ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ի կառավարությունը ամեն տարի իր բյուջեի արտաքին օժանդակության հոդվածով գումարներ է հատկացնում: Առաջին ծրագրով հատկացված գումարները կարող են ծախսվել տարբեր նյութական միջոցներ ձեռք բերելու եւ ուսումնական/կրթական միջոցառումները ֆինանսավորելու համար: Երկրորդ ծրագրով հատկացված գումարները կարող են ծախսվել ամերիկյան ուսումնական հաստատություններում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կրթության եւ վերապատրաստման համար: Երկու ծրագրերով ԱՄՆ-ն մինչ այժմ Հայաստանին հատկացրել է 45 միլիոն 790 հազար դոլարի օգնություն:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG