Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը` ըստ ՀԱԿ-ի եւ հանրապետական պատգամավորի


Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվային լուսանկար
Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվային լուսանկար
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորության թեկնածու չգրանցելու` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման կապակցությամբ ՀԱԿ-ը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ։

«Կասկած չկա, որ նույնպիսի որոշում կկայացնի նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ նրան դուրս կթողնի Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակից», - ասված է, մասնավորապես, ընդդիմադիր շարժման հայտարարությունում։ - «Համոզված ենք, սակայն, որ այսօրինակ քայլերը միայն մեծացնում ու առավել բյուրեղացնում են իշխանության դեմ ժողովրդական ցասումն ու դժգոհությունը»։

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր անհամաձայնությունը հայտնեց ՀԱԿ-ի այն տեսակետին, թե Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու որոշումը քաղաքական ենթատեքստ ունի եւ ցույց է տալիս նորմալ ընտրություններ անցկացնելուն, հավասար մրցապայքար մղելուն իշխանությունների պատրաստ չլինելը։

«Պետք է նշենք` գոնե այս պարագայում, որ քաղաքական ենթատեքստ կամ մրցապայքարից հանելով ոչ արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ այստեղ սուբյեկտիվության աստիճանը գրեթե զրո է», - ասաց Սահակյանը` մանրամասնելով. - «Որովհետեւ, նախ, երկիր մուտք գործող եւ այնուհետեւ դուրս եկող յուրաքանչյուր քաղաքացու տվյալները, ինֆորմացիան` որպես այդպիսին, ֆիքսում է համակարգիչը։ Նաեւ պետք է նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը երկարաժամկետ այցով եղել է այլ երկրում, եւ ելնելով Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներից, մասնավորապես` Ընտրական եւ Քաղաքացիական օրենսգրքերի պահանջներից, հակաօրինական է, անօրինական է, որպեսզի նաեւ նման տվյալներ ունեցող անձին գրանցել որպես պատգամավորության թեկնածու։ Եվ նման այլ դեպքեր էլ կան, որն էլ վկայում է, որ այստեղ ուղղորդված կամ դիտավորյալ որեւէ գործողություն կամ քայլ չի կատարվել»։

«Սա ընդամենը մեկ անգամ փաստում է, որ Հայ ազգային կոնգրեսը փորձում է ամեն գնով սեւացնել կամ ստվեր գցել մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների վրա` դրանով իսկ փորձելով ապակայունացնել, եւ այն մթնոլորտը, որ մեզ քիչ թե շատ հաջողվել է ձեւավորել, դա է` վստահության, կայունության մթնոլորտը, որպեսզի խաթարի եւ ընտրությունների ժամանակ որոշակի գործընթացներ զարգացնի», - հայտարարեց հանրապետական պատգամավորը։

«Արդյո՞ք Հանրապետականի առաջադրված թեկնածուները 10 ամիս չեն բացակայել տարբեր պատրվակներով` բուժվելու, կամ գործուղումների։ Ինչպես գիտեք, 10 ամիս է ընդհանուր առմամբ Խաչատուր Սուքիասյանը բացակայել Հայաստանի Հանրապետությունից վերջին 5 տարիների ընթացքում», - այս հարցին Հովհաննես Սահակյանը արձագանքեց. - «Եթե նմանատիպ մարդիկ, անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինեին, որոնք առաջադրվել էին` անկախ քաղաքական թիմի պատկանելիությունից, կուսակցական պատկանելիությունից, ապա ես վստահ եմ եւ հավատացած եմ, նաեւ ձեզ եմ հավատացնում, որ վստահաբար չէին գրանցի։ Եվ որեւէ խնդիր այստեղ չկա, եւ պետք չի բաժանել` Հանրապետական կուսակցության թեկնածուներ, «Օրինաց երկիր», չգիտեմ, «Բարգավաճ», եւ այստեղ ընդամենը գործում է օրենքի տառը»։

Հանրապետական պատգամավորը կրկին նշեց, որ այդ տեղեկատվությունը ֆիքսում է համակարգիչը, եւ վստահեցրեց, որ «բոլոր նմանատիպ ելքի եւ մուտքի հետ կապված տեղեկատվությունը նաեւ ազատ է, կարող է յուրաքանչյուրը նաեւ այդ համադրել կամ ստուգել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG