Մատչելիության հղումներ

Գյուղացիները լավատես չեն


Մինչ գյուղնախարարությունն այս տարվա համար լավ բերք է ակնկալում ու հայտարարում, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է գյուղացուն, գյուղատնտեսությամբ օրվա հացը վաստակող մարդիկ կրկին բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողներին էր ներկայացնում այս տարվա գյուղմթերքների մթերման ու արտահանման ծավալները: Մակարյանն ասում է, որ վերամշակող ընկերություններն ու արտահանող ընկերություններն այս տարի ավելի շատ գյուղմթերք են պատրաստվում մթերել ու արտահանել:

«Այսպիսով վերամշակող կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերումների պահանջարկը ավելի քան 21 500 տոննայով ավելի է, քան նախորդ տարվա մթերումների ծավալը եւ 18 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա արտահանումների ծավալը», - հայտարարեց Մակարյանը:

Համաձայն նախարարության կանխատեսումների՝ վերամշակող ընկերություններհն այս տարի պատրաստ են մթերել 61 հազար տոննա բանջարեղեն ու մոտ 26 հազար տոննա պտուղ, իսկ արտահանող ընկերությունները՝ մոտ 31 հազար տոննա պտուղ ու մոտ 5 հազար տոննա բանջարեղեն:

Այս ցուցանիշներն ընդամենը կանխատեսման հետեւանք են, իսկ գյուղացիներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում շտապում էին պատմել հողի մշակման հետ կապված դժվարությունների մասին:

Բաղրամյան գյուղի բնակիչ Բաբկեն Ղազարյանը կառավարության հատկացրած շուկայականից համեմատաբար էժան գնով պարարտանյութից չի օգտվել: Նա եւ նրա կինը իրենց խաղողի այգին գոմաղբով են պարարտացնում: Ղազարյանն ասում է, որ գումար չունի նույնիսկ էժան պարարտանյութ գնելու համար:

Ամուսինները պատմում են, թե նախորդ տարի խաղողը մթերել են կիլոգրամը 130 դրամով, ինչը թանկ չէ:

«Քիչ է գինը, բայց որ պետությունը էդ գինն է որոշել, ի՞նչ կարող ենք անել», - ասում է կինը: Ամուսինն էլ լրացնում է. - «Հաշվում ենք մեզ բան չի մնում՝ դեղորայքով, ջրով, եթե բանվոր էլ բերեմ, բան չի մնում»:

Ոռոգման ջուր, դիզվառելիք, պարարտանյութեր, բուժանյութեր` գյուղացիները թվարկում են այն ամենը, առանց որի լավ բերք հնարավոր չէ ստանալ:

Բաղրամյանի բնակիչ Շիրակ Եսայանն ասում է, թե կառավարության հատկացրած շուկայականից համեմատաբար էժան պարարտանյութից դժվարությամբ կարողացավ օգտվել` փող չուներ:

«Բերք չեմ ստանում էնքան, որ ինձ հերիքի՝ ջրին, պարարտանյութին, ցանքին… Ցորեն եմ ցանել, հիմա էլ պարարտանյութ չեմ կարող ձեռք բերել, երկու պարկ եմ առել էժան պարարտանյութից, չորս հազար մետր ցանք եմ արել», - ասում է նա:

Գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի: Գյուղացիներին ասում են, այգիների մի մասը չորացել են դրա պատճառով:

Բաղրամյանից դուրս անմշակ հողեր են կամ էլ վաճառվող այգիներ: Պտղունք գյուղի բնակիչներից մեկը պատմում էր բուժանյութերի խնդրի մասին: Ասում է, թե նախորդ տարի անորակ բուժանյութի պատճառով խաղող չստացավ: Մյուս խնդիրը մթերող ընկերությունների հետ է կապված: Ընկերությունները մթերում են այն դեպքում, երբ հողամասի ծավալները գերազանցում են ասենք 5 հեկտարը: Հակառակ դեպքում գյուղացին ինքն է որոշում մթերքի իրացման հարցը:

«Գինի, արաղ, դա վաճառելը ավելի եկամուտ է տալիս, քան թե մթերելը, բայց պիտի կարողանաս վաճառել», - ասում էր գյուղացիներից մեկը:

Համաձայն գյուղնախարարության տվյաների՝ Հայաստանում վարելահողերի ավելի քան 40 տոկոսը չի մշակվում:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG