Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը պետական այցով Սինգապուրում է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Սինգապուրում է, որտեղ նախատեսված են հանդիպումներ այդ երկրի նախագահի, վարչապետի, գործարար շրջանակների հետ։

Սինգապուրի հայ համայնքի մշակույթի, հասարակական կյանքի մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց համայնքի ներկայացուցիչ Արամ Ջավադյանը։

Ջավադյանը Հայաստանում է ծնվել։ Երբ փոքր էր` հինգ տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Ադրբեջան, մինչեւ հայ - ադրբեջանական ռազմական հակամարտությունը վերադարձել են Երեւան, այնուհետեւ` մեկնել Մոսկվա, այնտեղից էլ մոտավորապես 20 տարի առաջ նա տեղափոխվել է Սինգապուր եւ հիմա աշխատում է ռուսական ընկերությունում։

Հայ համայնքի ներկայացուցչի փոխանցմամբ` Սինգապուրում ապրում է մոտ 200 հայ, նրանց մեծ մասը զբաղվում է բիզնեսով, գիտության, բժշկության ոլորտում են աշխատում։ Քանի որ համայնքը փոքր է` միմյանց գիտեն, հաճախ են շփվում` մասնավորապես, հայկական եկեղեցու հավաքներում։

Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Ասիական տարածաշրջանում ամենահայտնի եկեղեցիներից մեկն է, կառուցվել է 1835 թվականին։

Ջավադյանը տեղյակ էր, որ Հայաստանի նախագահը այցելել է Սինգապուր, եւ պատրաստվում է հինգշաբթի օրը ներկա լինել հայ համայնքի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը։

Արամ Ջավադյանը ասաց, որ առաջին անգամ է հնարավորություն ստեղծվել մասնակցելու այդպիսի բարձր մակարդակի` Հայաստանի ղեկավարի հետ հանդիպմանը, եւ եթե հնարավորություն ունենա` կհարցնի Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին, Հայաստանի պայմանների, կյանքի մակարդակի մասին։

Սինգապուրյան մամուլը, մասնավորապես` Channelnewsasia կայքը, հաղորդում է, որ Հայաստանի նախագահը երկօրյա պետական այց է կատարում Սինգապուր, նրան ուղեկցում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ պաշտոնյաներ։

Հայաստանի նախագահին այսօր պաշտոնական արարողակարգով ընդունում է Սունգապուրի նախագահ Թոնի Թան Կենգ Յամը: Երեկոյան ճաշ է տրվելու ի պատիվ Սերժ Սարգսյանի։

Այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու մշակութային ոլորտում համագործակցելու մասին, ինչպես նաեւ` դիվանագետների ու պաշտոնյաների համար փոխադարձաբար վիզային ռեժիմը վերացնելու մասին պայմանագիր:

Հայաստանի նախագահը մասնակցելու է Սինգապուրի գործարարների միության կազմակերպած հանդիպմանը, այցելելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG