Մատչելիության հղումներ

Մարտի 28-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը արձագանքում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետեւյալ հայտարարությանը՝ «Հիմա շատ սեւ ու սպիտակ պատկեր է. մի կողմից իշխանությունը` վարչական լծակներով, փողով, ահաբեկմամբ, մյուս կողմից` Կոնգրեսը` բարձր քաղաքացիական եւ իրավական գիտակցություն ունեցող ժողովրդով: Շատ պարզ պատկեր է, եւ բոլորը պետք է որոշեն` այս պայքարում ով որ տեղում է»։ Թերթն այս կապակցությամբ գրում է․ - «Հարց է առաջանում. որտեղի՞ց այսչափ ինքնավստահություն, երբ անգամ ամենաանկախ արեւմտյան կենտրոնների անցկացրած վերջին հարցումներով ՀԱԿ-ի պոտենցիալ ընտրողների տեսակարար կշիռը ներկայումս սոսկ մի քանի տոկոս է։ Ավելին՝ այդ ո՞վ ասաց, որ հենց ՀԱԿ-ին է պատկանում «բարձր քաղաքացիական ու իրավական գիտակցության» մենաշնորհը»։

«Երկիր»-ը գրում է. - «Իշխանության խոստումները աննախադեպ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, բազմաթիվ այլ գործոնների հետ մեկտեղ, պիտի իրականություն դառնային նաեւ կախված այն հարցի պատասխանից, թե առաջիկա ընտրություններում որքանո՞վ է նույն իշխանությունն արձագանքում հասարակության պահանջներին, որքանո՞վ է նրա գործունեության մեջ փաստվում հանրության ձայնը լսելու եւ համարժեք արձագանքելու պատրաստակամությունը։ Սակայն նույնիսկ հպանցիկ հայացքը իշխանական կուսակցության ընտրացուցակին ցույց է տալիս, որ իշխանությունները ոչ միայն ականջալուր չեն հասարակության պահանջներին, ոչ միայն բանի տեղ չեն դնում հասարակական կարծիքն ու տրամադրությունները, այլեւ թքած ունեն դրանց վրա»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Ընդհանրապես, քաղաքական գործիչներին ես բաժանում եմ ոչ թե իշխանամետների եւ ընդդիմադիրների, ոչ թե բարիների ու չարերի, ոչ էլ, բնականաբար, «քրեաօլիգարխների» եւ «սուրբ-ալտրուիստների», այլ քառակուսիների եւ ոչ քառակուսիների: Քառակուսիները մտածում են պատրաստի կլիշեներով, բանաձեւերով եւ դրանց արտաբերումը համարում են քաղաքական եւ քարոզչական պայքարի լավագույն տարբերակը: Ոչ քառակուսիներն ամեն պահի ստեղծում են կամ փորձում են ստեղծել նոր բանաձեւեր, որոնք կարող են եւ սխալ լինել, բայց շահեկանորեն տարբերվում են պատրաստի կարծրատիպերից: Ոչ քառակուսիները պատրաստ են ցանկացած պահի հրաժարվել արդեն իր ճանապարհը հարթած շարժումից եւ նոր ոլորտ մտնել»։

Մեկնաբանելով Կոտայքի մարզում նոր ոստիկանապետի նշանակման փաստը՝ «Ժամանակ»-ը բխեցնում է․ - «Այդպիսով, փաստորեն արձանագրվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերի վրա ՀՀԿ երկրորդ գրոհը: Առաջինը հայտնի Պալաչն էր՝ Գագիկ Ծառուկյանի սանիկը, որը դուրս եկավ նրա դեմ ու հայտարարեց, որ Կոտայքը պետք է ազատագրել Ծառուկյանի իշխանությունից: Իսկ այժմ գործի է անցնում Վովա Գասպարյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի գրոհի հերթական՝ երկրորդ ալիքը: Թեեւ պետք է հիշել, որ Գասպարյանը առաջինն էր, որ նեղ շրջանակում հայտարարել է, թե Կոտայքի մարզը միացնելու է Հայաստանին, ակնարկելով, որ Ծառուկյանը Կոտայքում անկախ պետություն է ստեղծել իր համար, եւ ինքը այդ պետությանը վերջ կդնի: Թե էլ ինչ գրոհներ կլինեն Ծառուկյանի դիրքերի վրա, ցույց կտա ժամանակը, բայց որ ԲՀԿ առաջնորդը կորցնում է դիրքը դիրքի հետեւից ոչ միայն ԲՀԿ համամասնական ցուցակում, այլ նաեւ, այսպես ասած, սեփականի ընկալում ունեցած մարզում, կարծես ակնհայտ է»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մանվել Սարգսյանը եւ Ստեփան Դանիելյանը որոշել են սեփական ձեռքերով ապամոնտաժել Մաշտոցի պուրակի բուտիկները։ Այս կապակցությամբ Տիգրան Խզմալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է․ - «Երիտասարդներից բաղկացած քաղաքացիական դատարանը վճիռ է ընդունել, մենք ուզում ենք բոլոր դատարանների վճիռներն ի կատար ածել։ Բայց կարծում ենք, որ չի կարելի անընդհատ ապավինել երիտասարդների վրա, եւ ուզում ենք անել դա մեր սերնդի մարդկանցով, որպեսզի մի կողմից պաշտպանենք երիտասարդներին, աջակցենք նրանց, մյուս կողմից՝ հասարակությանը ուղերձ հղենք, որ սա ոչ թե մի խումբ երիտասարդների, այլ ողջ հասարակության խնդիրն է։ Մենք դա անելու ենք քաղաքացիական անհնազանդության եւ խաղաղ ձեւով։ Այսինքն՝ մարդկանց ցուցակը, ովքեր անելու են դա, կազմված է, ուղարկվել է ոստիկանություն։ Նաեւ ոստիկանություն ենք ուղարկել այն գործիքների ցանկը, որով պատրաստվում ենք ապամոնտաժել կրպակները։ Մենք փորձելու ենք ապամոնտաժել, մեզ կխանգարեն, դա պարզ է, մենք նորից կփորձենք եւ կհասնենք նրան, որ այդտեղ ապօրինի տաղավար չի լինի»։

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG