Մատչելիության հղումներ

Ծառահատում Ստեփանակերտում


Ստեփանակերտի կենտրոնական՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցում այսօր քաղաքապետարանի կողմից մի շարք ծառեր են կտրվել։



Ստեփանակերտի քաղաքապետի մամլո խոսնակ Դավիթ Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծառահատումը իրականացվում է, քանի որ փողոցը բավականին ծանրաբեռնված է եւ ծառերը խանգարում են տրանսպորտի երթեւեկությանը։

Կտրված ծառերի տեղում նախատեսվում է մեքենաների համար կայանատեղի կառուցել։ Ճանապարհային ոստիկանության ներկայացրած այս նախագիծը արժանացել է քաղաքաշինության նախարարության, քաղաքապետարանի եւ քաղաքի ճարտարապետի հավանությանը։

«Քաղաքապետարանի կողմից կտրված ծառերին կփոխարինեն նոր, մատղաշ տնկիներ», - նշեց Դավիթ Միքայելյանը։

Վերջին տասնօրյակին սա ծառահատման միակ դեպքը չէ․ մայիսի 9-ի տոնակատարություններին ընդառաջ Ստեփանակերտում մի շարք բարեփոխումներ են իրականացվում, կերպարանափոխվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը, որին նոր տեսք տալու համար հրապարակի՝ տասնամյակների պատմություն ունեցող ծառերը տեղափոխվեցին այլ վայր։

«Այնտեղ մենք իրականացնելու ենք ծառերի կտրման, եզրաքարերի վերանորոգման եւ ընդհանուր հրապարակի ասֆալտապատման աշխատանքներ», - մեկնաբանում է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ - «Այդ ծառը շատ հին ծառ է, արդեն տեսքը կորցնում է։ Այնտեղ մտադիր ենք թարմ արծաթավուն եղեւնիներ դնել»։

Ղարաբաղի կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունը որեւէ կերպ չի արձագանքում ծառահատումների փաստին։

please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG