Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. «Իշխանությունը ջրեց գործը»


Հայաստան -- Քաղաքապետի ընտրությունները Հրազդանում, 12-ը փետրվարի, 2012թ․
Հայաստան -- Քաղաքապետի ընտրությունները Հրազդանում, 12-ը փետրվարի, 2012թ․
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է փետրվարի 12-ին ընտրակաշառք բաժանելու կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Ընտրակաշառքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջով իրավապահներին էր դիմել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձ Արամ Մանուկյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հուսախաբ է եղել։

«Գործը, իրենց ձեւակերպմամբ, հանցակազմի բացակայության պատճառով փակվեց, թեպետ մինչեւ այդ հարցաքննություններ էին եղել, հաստափոր գործ էր կազմվել, բոլոր մասնակիցները, բոլոր նյութերը, որոնք մենք հրամցրել էինք, ուսումնասիրվել էր», - պատմեց Արամ Մանուկյանը։ - «Գործը հիմա չկա։ Իշխանությունները, ներող կլինեք այս բառիս համար՝ ջրեցին գործը։ Ըստ իս՝ կար այն հիմքերը, որով կարելի էր մարդկանց պատժել, գոնե ցույց տալ, որ կաշառքը վատ բան է»։

Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ եւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելով։ Օրերս այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը պատշաճ քննության առարկա կդառնա», - հայտարարել էր Աղվան Հովսեփյանը։

Արամ Մանուկյանը, վկայակոչելով կոնկրետ օրինակը, կարեւոր համարեց, որ ընտրախախտումների կանխարգելման վերաբերյալ խոսքը վերածվի գործի։

Հիշեցնենք՝ փետրվարի 12-ին տարածվել էր մի տեսանյութ, որում որպես ընտրող ներկայացած մի կին Սասուն Միքայելյանի վստահված անձ Գուրգեն Եղիազարյանի հետ զրույցում պնդում էր, թե բոլորին ընտրակաշառք են բաժանել, իրեն՝ ոչ։ Գուրգեն Եղիազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս իրավապահներն իրեն որեւէ հարց չեն ուղղել։

«Եթե նախաքննությունը լրջագույնս զբաղվեր [այս գործով], պետք է պարտադիր ինձ գտնեին եւ գոնե երկու հարց տային», - ասում է Եղիազարյանը՝ հիշեցնելով, որ միջադեպից արդեն շուրջ 50 օր է անցել։

Հիշեցնենք՝ փետրվարին գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ Կոտայքի մարզի դատախազի հանձնարարությամբ քննարկման առարկա է դարձել նաեւ Սասուն Միքայելյանի շտաբի պետի հայտարարությունը Հրազդանում գրանցվածներից 4000-ով ավելի քվեարկությունների վերաբերյալ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ նշված հայտարարության հետքերով քննություն չի ընթանում: Սասուն Մքիայելյանի շտաբի պետ Հակոբ Ավագումյանն ասաց, որ անցած մեկուկես ամսում իրավապահներն իր հայտարարությամբ չեն հետաքրքրվել։

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, թե Կոտայքի մարզի քննչական բաժնում շարունակվում է ուրիշի փոխարեն քվեարկության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս գործով որեւէ մեկը չի ձերբակալվել։

please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG