Մատչելիության հղումներ

Թբիլիսին չի ճանաչում Հարավային Օսիայի ընտրությունները


Հարավային Օսիայի ԿԸՀ-ի նախագահ Բելլա Պլիեւան ներկայացնում է նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները, Ցխինվալի, 25-ը մարտի, 2012թ.
Հարավային Օսիայի ԿԸՀ-ի նախագահ Բելլա Պլիեւան ներկայացնում է նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները, Ցխինվալի, 25-ը մարտի, 2012թ.

Հարավային Օսիայում անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այդ մասամբ ճանաչված հանրապետության նոր ղեկավարի անունը հայտնի չի դարձել։

«Երկրորդ փուլը, ըստ օրենքի, կանցկացվի առաջին փուլի պաշտոնական արդյունքների հրապարակումից 15 օր անց, հետեւաբար` դա կլինի ապրիլի 8-ին», - երեկ ասել է Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելլա Պլիեւան։

Երկրորդ փուլ են անցել հարավօսական պետական անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը եւ հարավօսական օմբուդսմեն Դավիդ Սանակոեւը։

Առաջինը անցած կիրակի օրը քվեների մոտ 42.5 տոկոսն է ստացել, երկրորդը` 24.5 տոկոսը։

Սանակոեւն աննշան առավելությամբ է առաջ անցել քվեների 23.8 տոկոս շահած` Ռուսաստանում Հարավային Օսիայի դեսպան Դմիտրի Մեդոեւից, ով համարվել է Կրեմլի հովանավորյալը։

Նրա ձախողումը բացատրվում է Հարավային Օսիայում օրըստօրե վատթարացող սոցիալական վիճակով, որի հետեւանքով ընտրողների մեծ մասը չի վստահում իշխանություններին։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 70 տոկոսը, ինչը բավական է քվեարկությունը կայացած ճանաչելու համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Ալլա Ջիոեւան, նախնական տվյալներով, հաղթել էր Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, սակայն Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել ընտրությունները եւ արգելել նրան առաջադրվել նոր ընտրություններում, որոնց առաջին փուլն էլ տեղի ունեցավ մարտի 25-ին։

Այդ ընտրություններում բոլոր թեկնածուները տարբեր առիթներով հայտարարել են, թե պատրաստ են բարձր պաշտոն առաջարկել Ջիոեւային։

Մինչդեռ, Վրաստանը, որի կազմից ռուսների մասնակցությամբ տեղի ունեցած պատերազմի արդյունքում դուրս է եկել Հարավային Օսիան, այդ ընտրությունները, բնականաբար, չի ճանաչել։

Երկրի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն երկուշաբթի օրը ասել է, որ պաշտոնական Թբիլիսին երբեւէ չի ընդունի Վրաստանի ժողովրդագրական վիճակն ուժով փոխելուն ուղղված գործողությունների արդյունքները։

«Բարեբախտաբար, միջազգային համայնքի եւ Վրաստանի դիրքորոշումներն այս հարցում համընկնում են, աշխարհը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Քալանդաձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG