Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարացվի


Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման համար հստակ ժամկետներ չեն նշվում:

Ատոմակայանի ղեկավարությունը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե պետք է ներկայացնի անվտանգության միջոցառումների համալիր ծրագիր, որպեսզի ստանա կայանի շահագործման երկարացման թույլտվություն:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անվտանգության համալիր միջոցառումների իրականացմամբ հնարավոր է երկարացնել դրա աշխատանքը: Կայանի, այսպես կոչված, ռիսկայնության շեմը գնալով բարձրանում է, - վստահեցրեց նա:

«Ամեն տարի, ամեն մի միջոցառում ավելի հեռացնում է այդ ռիսկային շեմից, ներկայումս ատոմակայանի անվտանգության ռիսկը, կարելի է ասել, որ համապատասխանում է նման ատոմակայանների համար սահմանված ռիսկային շեմին», - ասաց Մարտիրոսյանը:

Հայաստանը մտադիր է նոր էներգաբլոկ կառուցել, բայց պահանջվող մոտ 5 միլիարդ դոլար գումարի շուրջ 45 տոկոսի աղբյուրն է հայտնի: Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը մտադիր է ներդնել պահանջվող գումարի ավելի քան 25 տոկոսը: Եվս 20 տոկոս կներդնի Հայաստանի կառավարությունը, սակայն մնացած աղբյուրների հայթայթման շուրջ Հայաստանի կառավարության բանակցությունները շարունակվում են: Եվ ստացվում է, որ մինչեւ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը նոր էներգաբլոկի կառուցումն ու շահագործումը Հայաստանը չի հասցնի:

«2016 թվականին նոր էներգաբլոկը, բնականաբար, շահագործման չի հանձնվի, մենք հիմիկվանից արդեն մտածում ենք ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման մասին, եւ որ իրականացվեն համապատասխան միջոցառումներ: Դրա փորձը ունեն աշխարհի շատ երկրներ, այդ թվում նաեւ նմանատիպ ատոմակայաններ շահագործող Ռուսաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան եւ այլն: Այդ փորձը հաշվի առնելով, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան մշակվում է ծրագիր, թե ինչ պետք է իրականացվի մինչեւ 2016 թվականը, որպեսզի մենք թույլ տանք ատոմակայանին շարունակել աշխատանքը եւս այնքան ժամանակ, մինչեւ շահագործման կհանձնվի նոր էներգաբլոկը», - ասաց Մարտիրոսյանը:

Միջազգային կառույցների այն պնդումները, թե հարկ է անհապաղ փակել գործող կայանը, Մարտիրոսյանը համարում է քաղաքական բնույթի: Նույն տեսակետն ունի ՀԱԷԿ-ի երկարամյա նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը: Նա 1994 թվականին Եվրամիության հետ գործող ատոմակայանի հարցով հատուկ հանձնաժողովի անդամ էր: Ազատյանն ասում է, թե դեռ այն ժամանակ հայկական կողմին առաջարկում էին կայանը շահագործել մինչեւ տասը տարի: Մինչդեռ հայկական կողմը հասավ նրան, որ ստորագրվեց մի փաստաթուղթ այն մասին, որ քանի դեռ նոր էներգաբլոկ չի կառուցվի, կայանը կշարունակի աշխատել:

«Միանգամից կարող եմ ասել, որ այս խոսակցությունները ամեն անգամ են եղել, ցավոք, խոսվում էր1993 թվականին, եւ խոսվել է առաջին հերթին ոչ մասնագետների կողմից եւ Հայաստանին ատողների, ներսի եւ դրսի մեր թշնամիների, մեր չուզողների կողմից: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք շատ լուրջ դիմադրություն հաղթահարեցինք, որ վերաթողարկեցինք, իսկ ինչ վերաբերվում է նրանց ասածի ճիշտ կամ մտահոգությունների հիմնավորված լինելուն, դրա ապացույցն է այն, որ 1995 թվականին նոյեմբերի 5-ին թողարկել են. այսօր 17-րդ տարին է, որ այդ բլոկը աշխատում է, սա ինքը արդեն պատասխանել է բոլոր տեսակի հարցերին», - ասաց Ազատյանը:

Ատոմակայանի նախկին տնօրենի փոխանցմամբ` անվտանգության միջոցառումների ապահովմամբ հնարավոր է երկարացնել կայանի շահագործումը: Խնդիրը միայն վերաբերում է ռեակտորի աշխատանքին: Այն ունի 30 տարվա շահագործման ժամկետ, եւ այդ ժամկետը լրանում է 2016 թվականին: Ազատյանը նշում է, որ հարկավոր է մանրամասն ուսումնասիրություն կատարել ռեակտորի հետագա աշխատանքի հնարավորությունը ստուգելու համար: Նա համոզված է, որ ուսումնասիրությունները դրական արդյունք կտան, քանի որ նույնատիպ ռեակտորներով այժմ էլ շարունակում են աշխատել ռուսաստանյան մի քանի կայաններ:

Իսկ ատոմակայանի նախկին տնօրենը համոզված է, որ անվտանգության լուրջ միջոցառումների իրականացման պարագայում ՀԱԷԿ-ը կարող է աշխատել առանց խնդիրների, եւ դա անհրաժեշտ է այլ ռեսուրսներ չունեցող Հայաստանին: Նա կարծում է, որ բացի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների կիրառումից, միջուկային վառելիքի կիրառմամբ գործող կայանների աշխատանքը չպետք է դադարեցվի, հարկավոր է այս ոլորտը առավել զարգացնել:

Հիշեցնենք` 2011 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի OSART առաքելությունը Հայաստանի ատոմակայանի ռիսկը «ընդունելի» է համարել:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG