Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները այս շաբաթ սկսում են իրենց առաքելությունը


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդը (աջից) Հայաստանի 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդը (աջից) Հայաստանի 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Այս շաբաթ Հայաստան կժամանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող միջազգային 13 փորձագետներից ու 24 երկարաժամկետ դիտորդներից բաղկացած խումբը:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները կդիտարկեն ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքը, այնպես էլ կհետեւն քվեարկության ու քվեների հաշվման գործընթացին:

Հայաստանի տեղական դիտորդները թեեւ կարեւորում են միջազգային դիտորդների դերը ընտրական գործընթացների վերահսկման գործում, բայց եւ հայտարարում են, թե նրանք ավելի մեղմ գնահատականներով են հանդես գալիս:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե միջազգային դիտորդների գնահատականներն ավելի շատ դիվանագիտական բնույթ ունեն։

«Ազդեցությունը այն է, որ ավելի շատ ձգվածություն է լինում հանձնաժողովի անդամների կողմից, քան, ասենք, տեղական դիտորդների նկատմամբ. այստեղ զգաստանում են, սկսում են նորմալ աշխատել, եւ այլն», - նշեց Համբարձումյանը` շարունակելով. - «Ուղղակի այստեղ խնդիրը այն է, որ մեր կազմակերպությունները տեղական ավելի խիստ են հանդես գալիս, քան իրենք, ու հետո մեզ կպցնում են տարբեր պիտակներ` շպիոններ, եւ այլն, եւ այլն»։

«Այսինքն, իրենք ավելի դիվանագիտակա՞ն զեկույցներով են հանդես գալիս», - այս հարցին տեղական դիտորդական կազմակերպության ղեկավարը դրական պատասխան տվեց։

Համբարձումյանը նկատեց, որ, այսուհանդերձ, միջազգային դիտորդներն իշխանությունների վրա առավել զսպման դեր ունեն, քան իրենք` տեղական դիտորդները:

Խորհրդարանական ընտրությունները դիտարկող մեկ այլ հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ, կարեւորելով միջազգային դիտրոդների դերը, այնուհանդերձ, կարծում է, որ նրանք հայաստանյան ընտրությունների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցումներ են ցուցաբերում։

«Մասնավորապես, դա դրսեւորվում է նրանում, որ միայն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենք հրապարակեցին չորս իրարից տարբերվող զեկույցներ։ Այսինքն, մենք լավ հասկանում ենք` տեղական դիտորդներս եւ ընտրողներս, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներս, որ իրենք իրապես չեն կարող հանդես գալ զսպաշապիկի դերում, բայց ակնկալում ենք, որ օբյեկտիվ իրականությունը նախ ներկայացնեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա։

Սաքունցը վկայակոչեց վերջին նախագահական ընտրությունները` նշելով, թե միջազգային դիտորդների արձանագրած փաստերի, իրավիճակի վերաբերյալ նկարագրությունը եւ նրանց տված վերջնական գնահատականները միմյանցից տարբերվում են: 2008-ի նախագահական ընտրությունների խախտումների նկատմամբ նրանց մոտեցումները ոչ համարժեք էին, կարծում է դիտորդական առաքելություն իրականացնող իրավապաշտպանը։

«Եթե գրում են, որ եղել են այսպիսի, այսպիսի խախտումներ, ապա պետք է եւ նաեւ դրա հիման վրա ասեն` դա ինչքանո՞վ է ազդել ընտրությունների վրա։ Չէ, իրենք ասում են` եղել են այսքան խախտումներ, բայց, այնուամենայնիվ, ազատ են եղել եւ ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Թե որոնք են այդ չափանիշները` մեզ համար անհասկանալի է», - ընդգծեց Սաքունցը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք ընտրական ոստիկանություն չեն եւ ոչ էլ նրանց փոխարինողը, եւ որ իրենք չեն պատրաստվում փոխարինել տեղական դիտորդներին եւ իշխանության պատկան օղակներին:

Արթուր Սաքունցի խոսքերով` միջազգային դիտորդները ոչ միանշանակ մոտեցում են ցուցաբերում ընտրախախտումների ու ընտրախախտումներ կատարողների նկատմամբ, մինչդեռ ժամանակն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց ունեցած դասերը հաշվի առնեն ու իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների նկատմամբ, դրանց վերաբերյալ տրվող գնահատականների որակման ու նաեւ վերջնական գնահատականների տրման առումով առավել սկզբունքայնություն դրսեւորեն:

Միջազգային դիտորդները խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դիտարկելու են երկրի կառավարության հրավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG