Մատչելիության հղումներ

Սեուլում մեկնարկում է միջուկային անվտանգության համաժողովը


Սեուլի համաժողովին ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ողջունում են միմյանց, 26-ը մարտի, 2012թ.
Սեուլի համաժողովին ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ողջունում են միմյանց, 26-ը մարտի, 2012թ.
Հարավային Կորեայի մայրաքաղաքում երկուշաբթի օրը մեկնարկում է միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այստեղ են միջուկային զենքի տիրապետող, ատոմակայան ունեցող կամ այդպիսիք կառուցել ցանկացող երկրները, որոնց հիմնական նպատակն է համատեղ քայլեր ձեռնարկել միջուկային զենքի տարածումը կանխարգելելու եւ ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ։

Մոտավոր հավարկների համաձայն, այսօր աշխարհում շուրջ 500 տոննա պլուտոնիում եւ 1600 տոննա հարստացված ուրան կա, ինչը բավարար է ավելի քան 120 հազար միջուկային ռումբ ստեղծելու համար։

«Միջազգային հանրությունը պետք է համակարգված քայլեր ձեռնարկի՝ այս պաշարների անվտանգությունը ապահովելու եւ ահաբեկիչների համար դրանք անհասանելի դարձնելու համար», - դեռեւս 2009 թվականին Պրահայում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը։ Մեկ տարի անց Բարաք Օբաման այս հարցով Վաշինգտոն հրավիրեց ավելի քան 4 տասնյակ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Ի դեպ, ի տարբերություն վաշինգտոնյան խորհրդաժողովի, որտեղ Ադրբեջանի առաջնորդը հրավիրված չէր, այս անգամ միջազգային հավաքին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Միջուկային անվտանգությանը նվիրված խնդիրներից բացի, ակնկալվում է, որ գերտերությունների առաջորդներն այստեղ նաեւ դեմ առ դեմ հանդիպումներ կունենան։

Միացյալ Նահանգների նախագահը կիրակի օրը արդեն ավելի քան մեկուկես ժամ առանձնազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, պաշտոնական հաղորագրության համաձայն` երկու առաջնորդների ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնն ու Անկարան միասնական դիրքորոշում ունեն խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։

Այսօր ակնկալվում է, որ երկկողմ հանդիպում կունենան նաեւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները։ Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, բանակցությունների առանցքում կլինեն Սիրիայի ներքին ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագիրը, ինչպեւ նաեւ ռուս - ամերիկյան տարաձայնությունները Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգեր տեղակայելու շուրջ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ է մեկնել երեկ։ Նախագահի հնարավոր երկկողմ հանդիպումների մասին նրա մամլո գրասենյակը այս պահին ոչինչ չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG