Մատչելիության հղումներ

Հակոբյանը վիճարկում է Սարոյանի առաջադրման օրինականությունը


Վիճարկվում է Սարոյանի առաջադրման օրինականությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանը նույն ընտրատարածքում Հանրապետականի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ եւ Կենտրոնական ընտրական հաձնաժողով (ԿԸՀ):

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված դիմումում Հակոբյանը խնդրում է մանրամասն ուսումնասիրել Սարոյանի փաստաթղթերն ու քննարկել նրան պատգամավորության թեկնածու գրանցելու հարցը: Հակոբյանը կարծում է, որ վերջին 5 Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ Սարոյանի ներկայացրած տեղեկանքը չի արտացոլում իրականությունը:

«Մենք գիտենք, որ նա Հայաստանի Հանրապետությունում մշտապես չի բնակվել, ուստի խնդրել ենք, որ համապատասխան մարմինները ուսումնասիրություն կատարեն, եւ եթե համապատասխանում են փաստաթղթերը, թող գրանցեն, ոչ մի խնդիր չկա, իսկ եթե չի համապատասխում, իհարկե, պետք է չգրանցեն, որովհետեւ արդեն կա երկու դեպք՝ Խաչատուր Սուքիասյանի եւ Էդուրարդ Մադաթյանի հետ կապված, որոնց նույնպես չեն գրանցել նույն պատճառաբանությամբ: Այսինքն այստեղ աշխատում է նախադեպը», - ասաց Հակոբյանը:

Վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 105-րդ եւ 115-րդ հոդվածները, որոնք պատգամավոր ընտրվելու իրավունք են ընձեռում վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիներին, Հակոբ Հակոբյանն ասաց, որ Սեդրակ Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասը անց է կացնում այնտեղ: Որպես ասվածի ապացույց՝ Հակոբյանն իր դիմումում հիշատակել է գործող պատգամավոր Սարոյանի բացակայությունները Ազգային ժողովի նիստերից: Ըստ նրա վկայակոչած թվերի՝ պատգամավորության շրջանում նա բացակայել է 267 նիստից, ինչը կազմում է նիստերի ընդհանուր թվի 57 տոկոսը:

«Գաղտնիք չէ, որ ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա եւ Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի եւ ելքի պատճեններ ամիս-ամսաթվով եւ ժամանակավոր գրանցման վայրը, որտեղ նա ապրել է, որպեսզի կարողանանք ցույց տալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել», - ասաց Հակոբյանը:

Սակայն Սեդրակ Սարոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց մրցակցի պնդումները:

«Մեր իրավապահ մարմինները կստուգեն, կտեսնեն, բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է: Եթե ես գործով տեղ եմ գնացել, մի քանի օրվա մեջ նորից ետ եմ եկել: Մարդիկ, որ սենց բաներ են խոսում, տեսնեմ հետո ժողովրդի աչքերի մեջ ո՞նց են նայելու», - ասաց Սարոյանը:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս փոխանցեց, որ խորհրդարանի նիստերից Սեդրակ Սարոյանի բացակայությունն այնքան մեծ չափերի չի հասել, որ կվկայեր հանրապետությունում մշտապես չբնակվելու մասին: Նա ասաց՝ բացակայությունները բոլորը եղել են հարգելի պատճառներով:

Ի դեպ, այս ընտրատարածքում 5 մեծամասնական թեկնածուներ են առաջադրվել` ընդ որում նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից բացի ինքնաառաջադրվել է եւս մի Հակոբ Հակոբյան, կրկին հանրապետական, նույն թվականին ծնված, միայն հայրանուններն են տարբեր: Նախկին պատգամավորը սա համարում է իր դեմ դիտավորյալ կազմակերպված քայլ:

«Փորձում են մեկ ուրիշ Հակոբ Հակոբյան գրանցել, իբր թե ժողովուրդը կսխալվի, ձայները ինձ տալու փոխարեն նրան էլ կտան, այսինքն դրանով կպակասի իմ ձայների քանակը», - ասաց Հակոբյանը՝ միաժամանակ պնդելով, որ ինքը որեւէ խնդիր Հանրապետականի հետ չունի:

Հակոբյանը հայտարարեց, որ ինչպես միշտ պատրաստ է թեժ ընտրապայքարի, եթե նույնիսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցի ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Սեդրակ Սարոյանին:

Ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց ընտրատարածքներին, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տվյալների ոչ բավարար լինելու հիմնավորմամբ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտապայքարից դուրս մղվող «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչ Էդուարդ Մադաթյանի փոխարեն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է պայքարելու: Այս ընտրատարածքում Հանրապետականը թեկնածու չի առաջադրել, Բիշարյանի մրցակիցներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Արշակ Բանուչյանը, ինքնաառաջադրված Մանվել Եղիազարյանը եւ Կարեն Սմբատյանը:

Ինչ վերաբերում է գործարար Խաչատուր Սուքիասյանի առաջադրման շուրջ ստեղծված իրավիճակին, ապա ԿԸՀ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեռեւս չեն ուսումնասիրվել նրա փաստաթղթերը եւ չեն կարող նրան գրանցելու հետ կապված որեւէ բան ասել: Ինչպես հայտնի է Խաչատուր եւ Սարիբեկ Սուքիասյան եղբայրները առաջադրվել են ինչպես մեծամասնական ընտրակարգով` նույն ընտրատարածքում, այնպես էլ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 10-րդ եւ12-րդ հորիզոնականներում են:

ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ եթե Խաչատուր Սուքիասյանը հաստատվի որպես թեկնածու, բնականաբար, Սարիբեկ Սուքիասյանը դուրս կգա ցուցակից, իսկ եթե ոչ` Սարիբեկ Սուքիասյանը կլինի ցուցակի 11-րդ տեղում:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG