Մատչելիության հղումներ

«Համոզված եմ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կկազմի»


Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ մայիսին ընտրվելիք խորհրդարանում իշխող կուսակցությունը մեծամասնություն կկազմի:

Նրա վստահեցմամբ` կուսակցության 250 հոգանոց համամասնական ցուցակում ընդգրկված պաշտոնյաները, ովքեր կմասնակցեն քարոզարշավին, դա կանեն օրենքի սահմաններում, պաշտոնեական լիազորություններից դուրս:

«Հաստատ իմացեք, որ որեւէ օրենքի հետ խնդիր լինել չի կարող», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց Շարմազանովը` շարունակելով. - «Հանրապետական կուսակցության նպատակն է ոչ թե 3, 4 կան 5 տոկոս ավել հավաքել, այլ մեր նպատակն է, որպեսզի վստահություն լինի հասարակության մեջ, որպեսզի մենք կարողանանք ապահովել ժողովրդավարական ընտրություններ»:

Հարցին, թե ինչու իշխող կուսակցությունը իր համամասնական ցուցակում այնուամենայնիվ ընդգրկեց հասարակության շրջանում ոչ այնքան դրական վարկանիշ ունեցող անձնանց (օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով կարող է ապտակել կնոջը կան Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ով ծեծել էր նախագահ Սերժ Սարգսյանի արարողակարգի ծառայության աշխատակցին), Շարմազանովը պատասխանեց. - «Նրանք մեր քաղաքական թիմի անդամներ են, եւ սխալներից որեւէ մեկը այսպես ասած` նի զաստրախովան»:

Լրագրողները հիշեցրին պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի մասին: Նա ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը կանգնած է ժողովրդի կողքին, եւ այդ հայտարարությանը հետեւեց նրա պաշտոնանկությունը. Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին ազատեց փոխնախարարի պաշտոնից: Իսկ Սերժ Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ իր մարտական ընկերը ներքաշվել է քաղաքականության մեջ:

«Ըստ ձեզ` որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ էր, ազգային հերոս չի՞ կարող լինել: Ես համամիտ չեմ այն կարծիքին, թե ով ընդդիմության մեջ է, ազգային հերոս չի կարող լինել: Միշտ չէ, որ ով ընդդիմության մեջ է, ուրեմն վատն է, բոբո է, եւ ով որ քաղաքական իշխանության հետ է, ուրեմն լավն է», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

Նա հույս հայտնեց, որ քաղաքական պայքարը կընթանա կոռեկտության սահմաններում: Նրա խոսքով, ճիշտ նախընտրական արշավ անցկացնելու դեպքում Հանրապետականը հնարավորություն ունի լուրջ քվե հավաքել եւ մեծամասնություն ստանալ:

Հարցին, թե բացարձակ մեծամասնություն չկազմելու դեպքում ՀՀԿ-ն այլ ուժերի հետ կոալիցիա կկազմի, Շարմազանովը արձագանքեց. - «Մինչեւ մենք չունենանք ընտրությունների արդյունքի պատկերը, մենք չենք կարող ասել ինչպիսի կառավարություն կլինի, ով կլինի, ինչ կլինի… Ես համոզված եմ, որ մեծամասնություն կկազմի Հանրապետականը»:

please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG