Մատչելիության հղումներ

Արվեստագետներն առաջիկա ընտրությունների մասին


Մտավորականների` ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացրին Արտավազդ Բայաթյանը, Վահան Արծրունին եւ Արմեն Թութունջյանը:

«Մեր ազգը ի՞նչ տեսակ ինտիլիգանցիա ունի` օտար եւ խորթ իր ժողովրդի համար, չնչին ու ապիկար, այսքան չնչին ու անամոթ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքը մեջբերեց հեղինակ-կատարող Արտավազդ Բայաթյանն ու հավելեց, որ ժամանակը ոչինչ չի փոխել:

Որքանո՞վ է կարեւոր արվեստագետի, մտավորականի մասնակցությունն առաջիկա ընտրություններին, արդյո՞ք նրանց ներկայությունը խորհրդարանում դրական կամ բացասական հետեւանքներ կարող է ունենալ. այս թեմայով քննարկմանն այսօր արվեստագետներն իրենց կարծիքներն արտահայտեցին: Ջազմեն Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի կարծիքով չկա մեկը, ում կարելի է վստահաբար ընտրել:

«Ինչ ոչ ոք չի համոզի, որ մի կուսակցությունը մյուսից լավն է: Ինձ համար դա է զարհուրելին: Քանի «չորս տարիներ» են անցել: Չորս տարի ինձ համար ավելի հետաքրքիր է օլիմպիական խաղերի հաշվարկը կամ աշխարհի առաջնությունները, քան մեր ընտրությունները. թող դա հնչի շատ խայտառակ եւ վատ: Ուղղակի ներքին մի հույս եմ ապրում, որ մի բան կփոխվի», - ասաց Թութունջյանը:

Հեղինակ-կատարող Վահան Արծրունին չգիտի որեւէ արվեստագետի, ով ազատ չէ իր ընտրության մեջ, ունի արվեստագետ-ընկերներ, որոնք կուսակցական են, եւ տեսնում է դրա դրական կողմը:

«Յուրաքանչյուր արվեստագետ պետք է գաղափարախոսության տեր լինի: Եթե իր գաղափարը կուսակցական է, ի սեր Աստծո», - ասաց նա:

Թութունջյանը նշեց, որ եթե երեխաներին փոքր տարիքից սովորեցնեին հստակ գաղափարախոսություն, հետագայում նրանք մեխանիկորեն ըստ դրա կշարժվեին:

«Եթե փոքր տարիքից ասեին, որ հայը չի խաբում, հայը չի գողանում, հայը հետեւում է իր արժեքներին, լավ է սովորում, եւ դա լիներ գաղափարախոսություն, մենք բոլորս ինքնըստինքյան կգնայինք դեպի այդ նպատակը», - նշեց ջազմենը:

Արծրունին, անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությանն առաջիկա ընտրություններին, ասաց` եթե նա կիսում է հանրապետականների գաղափարախոսությունը, ուրեմն ոչ մի խնդիր չկա:

«Շուշանի խառնվածքը լավ իմանալով` վստահ եմ, որ նա կփորձեր եւ կռիվ տալ, եւ ծառայել», - կարծում է Արծրունին:

Իսկ Արտավազդ Բայաթյանի կարծիքով` քաղաքականություն միշտ գնում են մարդիկ, ովքեր իրենց գործում չեն կայացել: Բայաթյանի համոզմամբ` լավ արվեստագետն արդեն ինքը իշխող է:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG