Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանը նույնպես առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում


Հայաստան -- Հայտնի գործարարներ Սարիբեկ եւ Խաչատուր Սուքիասյանները, արխիվ
Հայաստան -- Հայտնի գործարարներ Սարիբեկ եւ Խաչատուր Սուքիասյանները, արխիվ
Թիվ 10 ընտրատարածքում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել է «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

Այս նույն ընտրատարածքում առաջադրման համար ավելի վաղ փաստաթղթեր էր ներկայացրել նաեւ Սարիբեկ Սուքիասյանի եղբայրը` հայտնի գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանը, սակայն նրա առաջադրման շուրջ խնդիր է առաջացել` ոստիկանության տված տեղեկանքի համաձայն գործարարը վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում չի ապրել 10 ամիս 20 օր: Սա կարող է գործարարի գրանցման համար խոչընդոտ հանդիսանալ:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում կորոշի` Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են օրենսդրությանն ու հետեւաբար` նրան կարելի՞ է գրանցել որպես թեկնածու, թե՞ ոչ:

Գործարարի փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է, որ Սուքիասյանը, փաստորեն, վերջին 5 տարիների գերակշիռ մասը` 82 տոկոսը, անցկացրել է Հայաստանում, եւ եթե ԿԸՀ-ն նրանց չգրանցի որպես պատգամավորության թեկնածու, դա կդիտարկվի որպես Սուքիասյանի իրավունքների խախտում:

«Եթե կորոշեն գրանցումը մերժել, այդ ժամանակ մենք գործ կունենանք իրավունքի խախտման հետ եւ համապատասխան իրավունքի պաշտպանության հարցով առաջ կգնանք», - հայտարարեց փաստաբանը:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստից հետո պարզ կդառնա, թե ո՞վ է ի վերջո մնալու թիվ 10 ընտրատարածքում որպես Կոնգրեսի կողմից աջակցություն ստացող թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG