Մատչելիության հղումներ

Բրադկեն լավատես է


Ռոբերտ Բրադկեն հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Վաշինգտոն, 20-ը մարտի, 2012թ.
Ռոբերտ Բրադկեն հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Վաշինգտոն, 20-ը մարտի, 2012թ.
Ղարաբաղյան խնդրի հակամարտող կողմերը այսօր ավելի մոտ են համաձայնությանը, քան իրենք կարծում են` պնդում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, վերլուծելով երկու տասնամյակ շարունակվող բանակցությունները։ Եվս 20 տարի անց հակամարտությունը կարգավորված կլինի` կարծիք է հայտնել ամերիկացի դիվանագետը։

«Կասկած չկա, որ մենք այսօր առավել մոտ ենք համաձայնությանը, քան 20 տարի առաջ, այսօր կողմերը պատկերացնում են՝ ինչ տեսք պետք է ունենան կարգավորման հիմնարար տարրերը։ Դրանք, իմ կարծիքով, այժմ հստակ են առավել, քան երբեւէ», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասում է ամերիկացի համանախագահը` ընդգծելով, որ բանակցությունների ներկայիս փուլի մարտահրավերը հիմնարար սկզբունքների հերթականությունն է ու փոխկապակցվածությունը։

«Մենք եռանդուն աշխատել ենք կողմերի հետ այս շրջանակային փաստաթուղթը մշակելու համար։ Դեռ հաջողության չենք հասել, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները տարեսկզբին Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ջանքերը», - փաստել է ամերիկացի համանախագահը։

Որոշ փորձագետներ պնդում են, թե, միեւնույն է, թունելի վերջում լույս չի երեւում, եւ որ Մինսկի խումբը պետք է նոր մոտեցում որդեգրի, այլապես կարող է կորցնել իր լեգիտիմությունը՝ նկատել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, ինչին ամերիկացի համանախագահն արձագանքել է. - «Չեմ կարծում, թե անհամաձայնության պատճառը Մինսկի խումբն է կամ դրա ձեւաչափը, խնդիրն այն է, որ կողմերի միջեւ տարաձայնությունները հսկայական են, եւ եթե անկեղծ լինենք, նաեւ վստահության պակաս կա։ Փոխելով ձեւաչափը` այդ խնդիրները չեն վերանա»։

«Իսկ հնարավո՞ր է, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում փոխի իր դերակատարությունը եւ Քի Վեսթի նման մեկ այլ հանդիպում կազմակերպի» հարցին համանախագահը զգուշավոր պատասխան է տվել. - «Միացյալ Նահանգները, անշուշտ, ամեն գնով ձգտում է աջակցել կողմերին խաղաղության հասնելու համար եւ կշարունակի դա նաեւ 2012-ի ընթացքում։ Ես չեմ ուզում հստակ կանխատեսել՝ ինչպիսի հանդիպումներ են լինելու, որովհետեւ դա մասամբ կախված է նաեւ այն հանգամանքից, թե որքանով մենք կկարողանանք առաջընթաց արձանագրել եւ ինչպիսի ակնկալիքներ կունենանք»։

Երկու տասնամյակ շարունակվող դիվանագիտական ջանքերի արդյունքում, ըստ Բրադկեի, պարզ է դարձել, որ որքան էլ ակտիվ աշխատեն համանախագահները, միեւնույնն է, հակամարտող կողմերն են, որ պետք է կայացնեն որոշումները, որոնք «շատ դժվարին են»։

«Ակնհայտորեն մենք հույս ունեինք առավել մեծ առաջընթացի հասնել կազանյան հանդիպման ընթացքում, եւ ցավում ենք, որ դա տեղի չունեցավ։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ կորսված է, եւ չենք կարող առաջ գնալ», - ասել է համանախագահը եւ նշել, որ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ կողմերին գաղափարներ են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների վերաբերյալ եւ շարունակում են քննարկումները այս ուղղությամբ:

Իսկ ի՞նչ կլինի եւս 20 տարի անց, արդյոք կհաջողվի՞ կարգավորել հակամարտությունը` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ամերիկացի միջնորդը լավատեսական պատասխան է տվել։ «Միջնորդ երկրներն ու համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ այդ պատճառով, կարծում եմ, որ 20 տարում պետք է լուծենք այս խնդիրը», - ասել է Բրադկեն եւ ընդգծել. - «Մենք չենք կարող 20 տարի անց ետ նայել եւ տեսնել այն իրավիճակը, ինչ ունենք այսօր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG