Մատչելիության հղումներ

Մարտի 21-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանում քաղաքացիների մի հսկայական բանակ սոցիալական այնպիսի ծանր վիճակում է, որ անգամ ի վիճակի չէ ինֆորմացիայի դարում տեղեկություն ստանալ նախընտրական այդ ցուցակների մասին։ Բայց, երեւի թե լավ է նաեւ, որ նա այդ ցուցակների մասին տեղեկություն չի ստանում, թեեւ շատ շուտով կուսակցություններն իրենք կառնեն այդ ցուցակներն ու տնետուն ընկած կփորձեն մտցնել քաղաքացիների աչքը` խոստանալով լուծել նրանց խնդիրները։ Բայց ինչքան ուշ ծանոթանան քաղաքացիներն այդ ցուցակներին, մասնավորապես իշխանական կուսակցությունների համամասնական կազմերին, այնքան շատ ավելի լավ` այդ քաղաքացիների առողջության համար։ Իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները տեղով արհամարհանք են սոցիալական եւ հոգեբանական ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների համար։ Այդ ցուցակները ստվերային եւ բացահայտ միլիոնատերերի եւ միլիարդատերերի, իշխանությանը սպասարկելով` իրենց բարեկեցությունն ապահովող տարատեսակ մասնագիտության տեր անձանց մի հավաքածու է, որի ներկայացուցիչներն իրենց կյանքով բացարձակապես որեւէ կապ չունեն այդ սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հետ»։

«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք. - «Թռուցիկ դիտարկումն անգամ ակնհայտ է դարձնում, որ ներկա առաջադրումների հիմնական առանձնահատկությունը ոչ թե ընտրացուցակների մեջ նոր անունների եւ հասարակության հետաքրքրությունը շարժող դեմքերի շատ թե քիչ զգալի թվաքանակն է, այլ առաջատար ուժերի նախընտրական ցանկերում լայնորեն ներառված «լեգիոներների» առկայության փաստը։ Նրանք համեմատաբար փոքր կուսակցությունների առաջին դեմքերն են, որոնք հնարավորություն չունենալով ինքնուրույնաբար սեփական՝ «փոքր ցուցակներով» անցնել խորհրդարան, ներառվել են այս կամ այն կուսակցության «մեծ ցուցակ»: Դրանով ստեղծվում են որոշակի պայմաններ ու նախադրյալներ հստակեցնելու Հայաստանի քաղաքական դաշտը, քանի որ նման «ներառումները» կուսակցությունների մերձեցման եւ աստիճանական միաձուլման գործընթացի սկիզբն են, ինչը միանգամայն օրինաչափ ու անհրաժեշտ զարգացում է»։

Վերլուծելով ընտրական առաջադրումների ներկա փուլը` «Հրապարակ»-ը մի քանի եզրահանգում է անում. - «ա) Այս ընտրությունները բավականին տխուր ու միապաղաղ են անցնելու: Մրցակցություն եւ թեժ պայքար ծավալվելու է շատ քիչ ընտրատարածքներում: Բանն այն է, որ մեզանում ընտրությունների գործընթացը գրեթե լիովին նույնացվել է ֆինանսական ներդրումների գաղափարի հետ: Իսկ հայտնի է, որ հայը, որպես կանոն, ներդրում անում է այն ժամանակ, երբ առնվազն 110 տոկոսով վստահ է, որ շահելու է եւ իր ներդրումը ետ է բերելու: բ) Պայքար ծավալվելու է միայն այն տարածքներում, որտեղ ընտրությունը կայանալու է ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ: Այսինքն, մարդիկ ստիպված են լինելու ընտրություն կատարել, այսպես ասած, վատի ու վատագույնի միջեւ, որոնք բովանդակային առումով իրարից քիչ են տարբերվում, եւ նման թեկնածուների առաջադրումը դժվար է այլընտրանքային որակել: գ) Ընտրության գլխավոր չափորոշիչը լինելու է փողի քանակը: Երբ ընտրությունը վատի ու վատագույնի միջեւ է, բնականաբար, սկսում է դեր խաղալ ընտրակաշառքը»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - « Ընտրությունների նախաշեմին իշխանական ուժերն իսկական մրցավազք են սկսել հանրային հատվածին քաղաքականություն ներքաշելու, կուսակցականացնելու ուղղությամբ, որով նաեւ ընդդիմադիր առանձին ուժեր են վարակվում: Սակայն Հայաստանում ոչ թե հանրային հատվածը քաղաքականացնելու, այլ քաղաքականությունը հանրայնացնելու, հասարակական սպասումների ու ակնկալիքների վրա ամրակցելու պահանջարկ կա»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Տիգրան Սարգսյանը արձակուրդում չէ, սակայն քարոզչական լայնածավալ գործունեությամբ է զբաղված: «Բնականաբար» այս ամենը առատորեն լուսաբանվում է ՀՀ բոլոր էկրաններով: Ավելին` գործող վարչապետը նորույթ է կիրառում. նախընտրական արշավի օրինական մեկնարկը դեռ չլսած` երկրի շրջաններում քննարկում է ՀՀԿ ծրագիրը: Նա մի էժանագին հնարք է կիրառում` ասելով, որ ծրագիրը կազմվում է ժողովրդի պահանջները, առաջարկները լսելուց հետո, այսինքն, ըստ վարչապետի, ՀՀԿ ծրագիրը կազմում է ինքը` ժողովուրդը: Անշուշտ, օրենքի այս կոխիտ խախտումները տեսնում են բոլորը, բայց տեսնում եւ լռում են: Տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությունն անգամ «սովորել» է իշխանության նման «վարքին», որ այդ «վարքը» բնական ենք համարում բոլորս: Այնինչ, հենց հիմա արդեն պետք է ահազանգել, միջոցներ ձեռք առնել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG