Մատչելիության հղումներ

Մեղադրողը Թամամյանի համար չորս տարի պահանջեց


Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճում, փետրվար, 2012թ.
Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճում, փետրվար, 2012թ.
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդեց Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին դատապարտել չորս տարվա ազատազրկման։

Մեղադրողը միջնորդեց նաեւ Թամամյանին երկու տարի ժամկետով զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաեւ նույն հոդվածի երկրորդ մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ինչ վերաբերում է գործով անցնող մյուս մեղադրյալներին` Արմեն Պողոսյանին եւ Վահան Խանզադյանին, ապա մեղադրողը միջնորդեց նրանց դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան երկու տարի ժամկետով։ Դատախազը միջնորդեց նաեւ այս երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ նրանց դատարանի դահլիճից ազատ արձակել։

Պողոսյանը եւ Խանզադյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հովհաննես Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովմունք հայտնեց իր պաշտպանյալի համար մեղադրողի պահանջած պատժաչափի կապակցությամբ` պնդելով, որ կարելի էր նրա նկատմամբ նույնպես պայմանական պատիժ պահանջել։

«Ինչի՞ համար չորս տարի, ակնհայտ չէ՞` ինչի համար. բոլորս էլ գիտենք` որովհետեւ Թամամյանը պետք է ազատազրկման դատապարտվեր, այլապես նման միջնորդություն չէր արվի», - ասաց փաստաբանը` այդպես էլ չհստակեցնելով, թե ակնարկը ում էր ուղղված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG