Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ում արդեն վեց դիտորդական ՀԿ է հավատարմագրվել


Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) արդեն հավատարմագրվել է վեց հասարակական կազմակերպություն:

Այս ցանկը կարող է ընդլայնվել: Ընտրական օրենսգրքի համաձայն` ոչ ուշ, քան ընտրություններից տասն օր առաջ դիտորդություն իրականացնելու ցանկություն ունեցող անձինք պետք է փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ:

Հավատարմագրված կազմակերպություններից երեքի անունները հասարակությանը հայտնի չեն: «Բռունցք», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» եւ «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» կազմակերպությունները նախորդ տարիներին դիտորդություն չեն իրականացրել:

«Համաչափ զարգացում համայնքային զարգացման» հկ-ն գործում է Վայոց ձորի մարզում: Այն սոցիալական ուղղվածության ծրագրեր է իրականացնում: Ղեկավարը փաստաբան Մակար Եղիազարյանն է: Մինչդեռ «Բռունցք» կազմակերպության մասին համացանցում ոչինչ չկա:

Իսկ Համահայկական երիտասարդական ասոցիացիայի պատվավոր նախագահը, ինչպես վկայում է Ազգային Ժողովի պաշտոնական ինտերնետային կայքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ, Վահե Էնֆիաջյանն է:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության (այն ունի թվով ամենաշատ դիտորդները՝ մոտ 4 հազար հոգի) նախագահ Հարություն Համբարձումյանի դիտարկմամբ, քվեարկությունից հետո քիչ կազմակերպություններ են հանդես գալիս ընտրական գործընթացների վերլուծություններով:

«Գրանցվում են 29-36 հասարակական կազմակերպություններ, բայց, չգիտես ինչու, ընտրություններից հետո մամլո ասուլիսով կամ վերջնական զեկույցով հանես են գալիս 2-4-ը», - ասաց Համբարձումյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք նման կազմակերպությունները հիմնականում քվեարկության օրը կոնկրետ քաղաքական ուժի աջակցելու, ընտրատեղամասում ավելի շատ վստահված անձի դերակատարում ունեն, Համբարձումյանը պատասխանեց. - «Երեւի թե, չեմ ճանաչում իրենց, բայց դա կզգացվի ընտրությունների օրը, ընտրատեղամասերում, թե որքան իրենց ակտիվ կպահեն, ինչպես հանդես կգան»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 100 դիտորդով կդիտարկի ընտրական գործընթացները Լոռու, Շիրակի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Սաքունցն ասում է, որ նման մտահոգությունների մասին իրենք բազմիցս են տարբեր ատյաններում բարձրացրել:

«Առաջին հերթին դա ԿԸՀ-ի խնդիրն է, որ կարողանա լիարժեք վերահսկի եւ բացահայտի նման դեպքերը: Մշտապես մտահոգիչ է եղել, թե ինչպիսի մեխանիզմով կամ ինչպես պետք է կարողանա ԿԸՀ-ն արձանագնքի կամ վերահսկի, եթե դիտորդական առաքելություն իրականացնողները պատշաճ չեն իրականացնում իրենց գործառույթները: Եվ այստեղ մտահոգություններ ունենք, որ քաղաքական ուժերը կամ առանձին թեկնածուները հատուկ ստեղծված դիտորդական խմբերի միջոցով լրացուցիչ ռեսուրսներ են ներգրավում իրենց նախընտրական քարոզարշավի եւ իրենց շահերի պաշտպանության նպատակով հենց քվեարկության օրը», - ասաց Սաքունցը:

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ դիտորդական առաքելություն կարող է իրականացնել այն հասարակական կազմակեպությունը, որի դիտորդներն անցել են համապատասխան ուսուցում, ունեն դիտորդի վկայական, իսկ կազմակերպությունը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում է աշխատում: Դիտորդություն չեն կարող անել այն կազմակերպությունները, որոնք աջակցում են թեկնածուներին կամ կուսակցություններին:

Ընտրական խախտումներին անդրադառնալիս՝ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ղեկավար Համբաձումյանն արդեն կանխատեսում է, որ խախտումներ կարձանագրվեն հիմնականում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների շրջապատի կողմից:

«Շատ անգամ մեծամասնականով առաջադրված թեկնածուների վստահված անձինք, նրանց «ձայն բերող» անձնավորությունները, թաղի «լավագույն տղաներն» են եւ ինչ-որ տեղ նաեւ ուզում են ցուցաբերել իրենց արջի ծառայությունը տվյալ թեկնածուին, եւ այս ամենը բերում է նրան, որ լինում են ընդհարումներ, շտաբերի վրա հարձակումներ, ծեծկռտուք եւ այլն, որը չի անի կուսակցությունը», - ասաց Համբարձումյանը:

Համաձայն նոր օրենսգրքի` դիտորդները պետք է որակավորվեն կամ էլ ստուգարք հանձնեն` ստանալով դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Համբարձումյանը կարեւորում է ուսուցման գործընթացին հանձնաժողովի ներկայացուցչների աջակցությունը, սակայն նշում է, որ օրենքով սահմանված ստուգարքը, որն անցկացնում են ԿԸՀ-ի ներկայացուցիչները, լրացուցիչ խոչընդոտ է հասարակական կազմակերպությունների համար: Շատերը հրաժարվել են դիտորդությունից հենց այդ պատճառով:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG